Google-ը հայտարարել է՝ 2019-ի օգոստոսից սովորական օգտատերերի համար փակելու է Google+ սոցցանցը. Goodbye Google+:
Իսկ կար ժամանակ, երբ Google Plus-ը հավակնում էր դառնալ ամենատարածված սոցցանցը ողջ աշխարհում՝ մրցելով նույնիսկ Facebook-ի հետ:
Ահա մի պատմություն՝ սոցցանցային մրցակցությանը դիմանալու ու լավագույնի կոչմանն արժանանալու մասին՝ Facebook-ի և Google Plus-ի պատերազմի օրինակով:
***
Facebook-ի նախկին աշխատակից Անտոնիո Գարսիա Մարտինեսը (Antonio García Martínez) գիրք է գրել Սիլիկոնային հովտում «վրան խփած» երկու խոշոր ընկերությունների մասին: Գիրքը կոչվում է Chaos Monkeys, հայերեն ասած՝ «Կապիկների քաոսը»: Variety հրատարակչությունը հրապարակել էր հատվածներ այս գրքից՝ նվիրված Facebook-ի և Google+-ի պատերազմին, որ ծագել էր Google+-ի՝ սոցցանց թողարկելուն պես: Այս «անարյուն մարտի» մասին ավելի հետաքրքիր է կարդալ հիմա, երբ արդեն գիտենք, որ հսկաներից մեկը հանձնվում է:
***
«Մարկ Ցուկերբերգը հանճար է: Բայց ոչ այնպիսին, ինչպիսին ներկայացված է «Սոցիալական ցանց» ֆիլմում (աուտիզմ ունեցող հանճար՝ միայն մեկ հնարավորությամբ): Ես չէի էլ ասի, թե նա Սթիվ Ջոբսի պես պրոդուկտ ստեղծող հանճար է: Ցանկացածին, ով նման հայտարարություն կանի, պետք է ցույց տալ Facebook-ի պրոդուկտների բոլոր ձախողումները: Օրինակ՝ 2012-ին HTML5-ի վրա արված խաղադրույքը, կամ էլ՝ սոցցանցի ամենաառաջին տարբերակը, որն իրենից ներկայացնում էր մի քոլեջի ուսանողների բազա, կամ ասենք՝ Paper հավելվածը»,- գրում է Facebook-ի նախկին աշխատակից և Chaos Monkeys գրքի հեղինակ Անտոնիո Գարսիա Մարտինեսը:
«Չէ՛: Ես ասում եմ, որ նա հանճար է՝ այս բառի դասական իմաստով: Նրա մեջ բնությունից ուժ կա, որ սնում ու ուղղորդում է իրեն՝ ուրվագծելով իր ծանոթների շրջանակը և ընկերներին ստիպելով աճել իր հետ,- շարունակում է Մարտինեսը:
«Նապոլեոնի պես նա իր հետևից է տանում ժողովրդին, որ հավատում է իր` թեկուզ «խելագար» տեսլականին: Ցուկերբերգը փաստացի նոր կրոն է ստեղծել: Ամենասկզբից Facebook-ում աշխատած մարդիկ կարող են մատնանշել այն պահը, երբ հասկացել են, որ սոցցանցը MySpace-ի հերթական կրկնօրինակը չէ, այլ ավելին: Ու այդ «ավելին» ամեն մեկի համար տարբեր է»:
Հեղինակի խոսքով՝ կրոնից բացի, Ցուկերբերգը նաև մշակույթ է ստեղծել: Ընկերության աշխատակիցները հատուկ նշանակություն են ունեցել: Սիլիկոնային հովտից առաջ էլ գոյություն են ունեցել ընկերություններ, որոնք իրենց ինժեներներին բոլորից վեր են դասել, բայց Facebook-ը, Մարտինեսի խոսքով, «աշխատողներին նոր մակարդակի է հասցրել».
Facebook-ի մթնոլորտը նկարագրելիս Մարտինեսը հիշում է կազմակերպության հիմնադրման օրերն ու պատմում՝ Կուրիս Պուտնամ անունով մի ուսանող վիրուս է թողարկում, որի արդյունքում Facebook-ի օգտատերերի էջերը նմանվում են MySpace-ին:
Facebook-ը ոչ թե դիմում է իրավապահ մարմիններին, այլ հենց ուսանող-հաքերին՝ հրավիրելով նրան հարցազրույցի: Հարցազրույցից հետո նրան աշխատանքի են ընդունում սոցցանցում:
Ամեն ինչ՝ ծովահենների կանոններով՝ եթե կարող ես մի բան անել և անել դա արագ, ուրեմն նշանակություն չունի՝ թե ինչպես ես անում:
«Ընկերությունը լիքն էր 23 տարեկան երեխաներով, ովքեր աշխատում էին օրը 14 ժամ՝ հանգստանալով միայն նախաճաշին, ճաշին ու ընթրիքին՝ երբեմն քնելով հենց Facebook-ի գրասենյակում»,- պատմում է նախկին ֆեյսբուքցին:
Մարտինեսի ասելով՝ ցինիկները կարծում են, որ աշխարհի միասնության մասին Ցուկերբերգի խոսքերը սենտիմենտալ զառանցանք են, իսկ քննադատները ենթադրում՝ Facebook-ն ամեն ինչ փողի համար է անում:
«Ե՛վ առաջինները, և՛ երկրորդները սխալվում են. ընկերությունը լիքն է իսկական նվիրյալներով, ովքեր այս ամենով զբաղվում են ոչ հանուն փողի, և, ովքեր իրոք կանգ չեն առնի, քանի դեռ մոլորակի բոլոր բնակիչները չեն գրանցվել Facebook-ում: Երբ մտածում եք այս մասին, այն սովորական ժլատությունից ավելի սարսափելի է հնչում: Ժլատ մարդուն միշտ էլ կարելի է առնել, նրա վարքը շատ կանխատեսելի է: Բայց իսկական նվիրյալն իր նպատակին կհասնի ցանկացած գնով»,- գրում է Անտոնիոն:
Հենց այդպիսին են Մարկ Ցուկերբերգն ու իր հետևորդները: Պատրաստ մարտի՝ երբ պատահի:
2011 թվականին Google կորպորացիան ներկայացնում է Facebook-ի գլխավոր հակառակորդին՝ Google Plus-ին: Այս ծառայությունն արդեն ինտեգրվել էր IT ընկերության մյուս պրոդուկտներին՝ YouTube, Gmail և այլն: Google Plus-ով նախատեսվում էր միավորել օգտատիրոջ բոլոր հաշիվները: Chaos Monkeys-ի հեղինակը պատմում է.
«Սոցցանցը բավականին լավը դուրս եկավ, որոշ իմաստով՝ նույնիսկ Facebook-ին անցավ: Ներբեռնման և լուսանկարների փոխանակման գործիքներն ավելի հարմար էին լուսանկարիչների համար, իսկ դիզայնն առանձնանում էր պարզությամբ և մինիմալիզմով: Բացի այդ՝ Google Plus-ում գովազդ չկար. կորպորացիան կարող էր սոցիալական ցանց ստեղծել AdWords-ում վաճառված գովազդների հաշվին»:
Մարտինեսը սա անվանում է՝ «անգութ մոնոպոլիստի մարտավարություն»: Ինչպես հեղինակն է նշում՝ սեփական սոցցանցի թողարկումը անսպասելի որոշում էր Google-ի ղեկավարության կողմից;
«Դրանից առաջ ընկերությունը միշտ Facebook-ին նայում էր անտարբերությամբ: Google-ը մոնոպոլիստ էր և իրեն անձեռնմխելի էր համարում»:
Թողարկելով Google Plus-ը՝ IT հսկան առաջին անգամ ակնհայտ ձևով բախվեց Facebook-ին: Եվ, Մարտինեսի խոսքով, Ցուկերբերգը սպառնալիքը լուրջ ընդունեց: Առաջին անգամ սոցցանցի պատմության մեջ նա հայտարարեց Lockdown դրություն. սա նշանակում էր՝ ոչ ոք Facebook-ի շենքից դուրս գալ չէր կարող, քանի դեռ վտանգը չէր չքացել:
Այն օրը, երբ Google-ը թողարկեց իր սոցցանցը, 13:45-ին Facebook-ի բոլոր աշխատակիցները էլեկտրոնային փոստով տեղեկացան՝ հավաքվելու են Lockdown նեոնային նշանի մոտ. Ցուկերբերգը խոսք ունի ասելու:
Աշխատակիցների խոսքով՝ Մարկի հայացքը խելագարի հայացք էր, հայտարարությունը՝ այսպիսին՝ Google թողարկել է մրցակցային ծառայություն, իսկ իրենց անհրաժեշտ է բարելավել սեփական ծառայություները:
Facebook-ի հիմնադիրը «մարտական ճառն» ավարտում է «Կարթագենը պետք է կործանվի» հանրահայտ խոսքով:
«Չգիտեմ՝ ինչու այս խոսքերը եկան մտքիս»,- ճառը եզրափակելով ասում է Ցուկերբերգը:
Հետո դահլիճը ծիծաղել է, ապա՝ ծափահարել ու անցել գործի:
Քիչ անց Facebook-ի ճամբարում արդեն պատրաստ էր «Կարթագենը պետք է կործանվի» պաստառը: Ընկերության ղեկավարությունը հայտարարում է՝ գրասենյակում սրճարանը կաշխատի միայն հանգստյան օրերին: Բոլոր աշխատողները հնարավորինս պետք է ձգտեն իրենց աշխատանքային տեղում լինել:
Յուրաքանչյուրն այստեղ ուներ իր առաջադրանքը. դիզայներներն օրինակ, պետք է անեին ամեն ինչ, որ Facebook-ը չլիներ «Ֆրանկեյնշտեյնի հրեշը սոցմեդիայում»:
Մարտինեսը պատմում է, որ տեսել է, թե ինչպես է Մարկ Ցուկերբերգը զրուցում Փոլ Ադամսի հետ. նա Facebook էր եկել Google Plus-ից:
Մի խոսքով՝ Google Plus-ից հետո, Մարտինեսի ասելով, իրենք պատերազմական դրության մեջ էին:
Եվ ինչպես բոլոր պատերազմներում, այստեղ էլ՝ ակտիվ էր «հետախույզների վաշտը»: Դրա համար էլ գրքի հեղինակը որոշում է կիրակի առավոտյան նախ գնալ Facebook-ի գրասենյակի մոտ, ապա՝ Google-ի: Ֆեյսբուքի ավտոկայանատեղին լիքն էր մեքենաներով, իսկ Google-ում մեքենա չկար կանգնած:
«Պարզ էր, թե այս երկու ընկերություններից որն է «կռվելու մինչ մահ». Կարթագենը պետք է կործանվի»,-եզրակացնում է հեղինակը:
Ինչպես նշում է Մարտինեսը՝ մինչև սոցցանցի թողարկումը Google-ը դրա շուրջ տեխնոլոգիական աշխարհում մեծ աղմուկ էր բարձրացրել: Լրատվամիջոցներում հայտնվում էր ինֆորմացիա, որ ընկերությունը ողջ ուժերը կենտրոնացրել է նոր ծառայության վրա: Ասվում էր, որ Google Plus-ի թողարկումից՝ 2012 թվականի սեպտեմբերից հետո, սոցցանցում գրանցվել է 400 միլիոն օգտատեր, որոնցից 100 միլիոնը ակտիվ են: Facebook-ում խուճապ էր, չնայած՝ հետո պարզվեց, որ այս թվերն այնքան էլ ճիշտ չէին արտահայում իրականությունը:
Microsoft-ի նախկին թոփ-մենեջեր Վիկ Գունդոտրան դառնում է Google Plus-ի դեմքը. հենց նա էր Լարի Փեյջի ականջին շշնջացել՝ Google-ին սոցցանց է պետք:
Facebook-ի ու Google Plus-ի պատերազմը երկար չտևեց. 2014-ին Գունդոտրան հրաժարական տվեց, կամաց-կամաց պարզվեց՝ սոցցանցերից մեկը էլ մրցակցությանը չի դիմանում, ու այդ մեկը Facebook-ը չէ:
«Գեներալը պարտվեց: Google-ը հրաժարվեց սոցցանց ստեղծելու իր ամբիցիայից և իր ծառայությունները վերածեց հարթակի: Facebook-ը հաղթեց»,- ասում է Մարտինեսը: