Google-ը հայտարարել է՝ 2019-ի օգոստոսից սովորական օգտատերերի համար փակելու է Google+ սոցցանցը: Ծառայության կորպորատիվ տարբերակը կշարունակի աշխատել G Suite փաթեթի կազմում:
Google-ում նշում են՝ Google+ այդպես էլ լայն մասսայականություն չվայելեց. ընկերության տվյալներով՝ օգտատերերի 90%-ը ցանցում մնում են 5 վայրկյանից էլ քիչ:
Որոնողական համակարգերի հսկան խոստովանել է՝ խնդիրներ են եղել նաև տվյալների պաշտպանության ոլորտում: Այսպես, 2018-ի մարտին սխալ հայտնաբերվեց և անմիջապես վերացվեց Google+ People API-ներից մեկում:Google-ի տվյալներով՝ խոցելիությունը կարող էր հասնել մինչև 500 հազար հաշիվների, բայց ստուգումները չապացուցեցին, որ աշխատակիցներն օգտագործել են օգտատերերի անձնական տվյալները:
Չնայած Google-ը հերքում է, բայց որոշ լրատվամիջոցներ Google+-ի փակման նորությունը կապում են հենց տվյալների արտահոսքի հետ: Իսկ ընկերությունում ընդգծում են՝ առավել հաջող և օգտատերերի սպասելիքներն արդարացնող սոցցանց ստեղծելու համար, իրենք հանդիպել են բազմաթիվ դժվարությունների:
«Հաշվի առնելով այս խնդիրները և օգտատերերի կողմից կիրառվող տարբերակի ցածր ցուցանիշը՝ որոշվեց փակել սոցցանցը»,- ասվում է Google-ի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին Google-ը կամաց-կամաց անջատում էր Google+-ն իր մյուս բոլոր ծառայություններից, ինչպես օրինակ՝ YouTube-ից, Google Play-ից, Google Play Games-ից:
Google+-ի «մահը» կանխատեսվում էր դեռևս մի քանի տարի առաջ: Չնայած դրան՝ սոցցանցը դեռ շարունակում էր իր գոյությունը՝ թեկուզ ոչ շատ ակտիվ: