Համացանցի ստեղծող Թիմ Բերներս-Լին (Tim Berners-Lee) ներկայացրել է Solid՝ բաց ծրագրային կոդով նախագիծը , որի նպատակն է ինտերնետի ապակենտրոնացումը, ինչպես նաև՝ տվյալների վերահսկողությունը օգտատերերին փոխանցելը:
Medium-ում կատարած իր հրապարակման մեջ գիտնականը գրում է, որ ժամանակակից ինտերնետը դարձել է անհավասարությունների և պառակտումների շարժիչ, որտեղ Amazon-ի, Google-ի կամ Facebook-ի պես հսկաները գերիշխող դիրք են զբաղեցնում՝ իրենց օգտատերերի տվյալների բազայի հասանելիության շնորհիվ:
Նոր նախագծի օգնությամբ՝ Բերենս Լին ցանկանում է արդարության նժարը թեքել օգտատերերի կողմը՝ «իշխանությունը» վերադարձնելով նրանց:
Ես կարծում եմ, որ այսօր մենք հասել ենք կրիտիկական կետին և հիմա կտրուկ փոփոխություններն անհրաժեշտություն են:
Այդ փոփոխություններն իրականացնելու համար՝ Բերենս Լին ստեղծել է Inrupt Inc. ստարտափը, որն զբաղվում է Solid ֆրեյմվորքի առաջխաղացմամբ` ներկայացնելով այն որպես օգտատերերի համար վերահսկման գործիք, որի շնորհիվ նրանք տնօրինում են իրենց «ցանցային տվյալները», ընտրում, թե ինչպես պետք է այդ ինֆորմացիան պահպանվի և օգտագործվի:
Solid-ի միջոցով՝ օգտատերերը կարող են պատրաստել տվյալների բազայի սեփական շտեմարանները, որտեղ կգտնվի ողջ ինֆորմացիան՝ սկսած անձնական տվյալներից մինչև կոնտակտների ցանկ և մեդիագրադարան:
Այս ամենի արդյունքում, ինֆորմացիան կարիք չի լինի պահել երրորդ կողմի, օրինակ Facebook-ի, տվյալների շտեմարանում. օգտատերը կարող է ամբողջապես այն վերահսկել՝ շնորհիվ անձնական «պահեստային» շտեմարանի: Այս պարագայում մարդիկ կարող են որոշել, թե ով կարող է իրենց տվյալների հասանելիությունն ունենալ:
Solid-ը փոխում է ներկայիս մոդելը, որի դեպքում օգտատերերը պետք է անձնական տվյալները փոխանցեին digital-հսկաներին՝ իրենց ծառայություններից օգտվելու համար և օգտատիրոջը հնարավորություն է տալիս ամբողջական վերահսկել իր տվյալները:
Ֆրեյմվորքը նաև բացում է ինտերնետի բոլորովին նոր հնարավոությունների հասանելիությունը:
Պատկերացրեք, որ ձեր բոլոր հավելվածները «խոսում են իրար հետ», համագործակցում են և փորձում հարստանալ՝ համաձայնեցնելով ձեր անձնական և բիզնես նպատակները: Սա ինովացիայի, ինտելեկտի ու կրեատիվի այն տեսակն է, որ պետք է ստեղծի Solid-ը:
Fast Company-ին տված հարցազրույցում գիտնականը ներկայացրել է առաջին հավելվածը՝ հիմնված Solid-ի ապակենտրոնացման տեխնոլոգիայի վրա: Հավելվածն ապահովում է անարգել մուտք բոլոր տվյալներին՝ օրացույցից մինչև վիդեոներ և չաթեր:
Բերներս Լին այս ծառայությունը բնութագրել է որպես Google Drive, Microsoft Outlook, Slack, Spotify և WhatsApp-ի միքս: Սրա հետ մեկտեղ՝ նրա հիմնական տարբերությունը համարվում է այն, որ ինֆորմացիան մնում է միայն օգտատիրոջ տրամադրության տակ:
Այս պահին Solid-ն ավելի շատ կոնցեպտուալ փուլում է. օգտատերերն արդեն կարող են կազմել տվյալների սեփական շտեմարանները, բայց մյուս գործառույթներն առայժմ անհասանելի են:
Չնայած նրան, որ Solid-ը կարող է չափազանց ամբիցիոզ ու իդեալիստական թվալ, միևնույն է, մենք մեկ անգամ արդեն տեսել ենք, թե ինչպես է Թիմ Բերներս Լիին հաջողվել վերափոխել աշխարհը՝ ստեղծելով ինտերնետը: Կկրկնվի՞ պատմությունը, կիմանանք մոտ ապագայում: