Պլանավորեք շահույթը՝ մինչև շահույթի գալը: Կոնտենտ ռազմավարություն. ի՞նչ, ինչպե՞ս, ինչո՞ւ
Այս աշխարհում մշակելու շատ բան կա՝ ասենք՝ այգու ծաղիկն ու ծիրանը, վնասված ձեռքի վերքը կամ էլ ապագայի պլանները: Ինչ էլ մշակելու լինեք՝ նախ պետք է հստակ ռազմավարություն՝ արտահայտված որոշակի բովանդակությամբ (կոնտենտով): Կոնտենտը ձեր զենքն է՝ լինի թղթի վրա, գլխում կամ Google Doc-ում:
Բիզնեսը լռել չի կարող, բայց վատ խոսել ևս. մարդկանց սեփական բրենդի մասին պատմելուց զատ՝ կարևոր է նաև պատմելու ձևը, տեխնիկան, հարթակները, մեթոդները:
Եկեք դիտարկենք digital մարքեթինգի հարթակն ու հասկանանք՝ ինչ, ինչու ու ինչքան է պետք այստեղ՝ կոնտենտ ռազմավարություն մշակելու համար:
Բայց՝ նախ: Կոնտենտը, իսկ ավելի ճիշտ կոնտենտ մարքեթինգը, ինտերնետ մարքեթինգի բազմապրոֆիլ գործիքներից մեկն է, որն օգտագործվում է ամենատարբեր նպատակների հասնելու համար: Կոնտենտի միջոցով կարող եք կայքի այցելուների թիվն ավելացնել, տարածել սեփական բրենդի մասին ինֆորմացիա, այցելուներին դարձնել հաճախորդ՝ ստանալով հետաքրքրված հարցումներ («լիդեր») ձեր պրոդուկտի վերաբերյալ:
Այստեղ դժվարը սկսելն է և, որպեսզի հաջող սկսեք ու լավ արդյունք ստանաք, աշխատանքը պետք է կանոնավոր բնույթ կրի: Կանոնավոր աշխատանքի գլխավոր նախապայմանը հստակ կոնտենտ ռազմավարության (ըստ դրա նաև՝ կոնտենտ պլանի) կառուցումն է : Նման ռազմավարության մշակումը հանրավորություն է տալիս հասկանալ՝ ինչի համար, ինչ տեսքով և կոնկրետ ինչ հերթականությամբ է պետք մտքերը շաղ տալ digital տարածքում:
Եթե պատրաստվում եք ձեր բիզնեսի կոնտենտ մարքեթինգի համար ստրատեգիա մշակել, ապա առաջարկում ենք հաշվի առնել նաև այս հոդվածում տեղ գտած մտքերը:
Այս դեպքում՝ «կոնտենտ մարքեթինգ» ասելով մենք նկատի ունենք թիրախային լսարանի համար գրված և հրապարակված ինֆորմացիան: Կոնտենտ ռազմավարությունը կօգնի գրավել այդ լսարանի ուշադրությունը և պահպանել հետաքրքրությունը հենց ձեր բրենդի նկատմամբ՝ հեշտացնելով աշխատանքային պրոցեսը, ամբողջացնելով անհրաժեշտ կոնտենտն ու արդյունք ստանալուն ուղղված ջանքերը:
Կոնտենտի ռազմավարությոան ընդգրկած հարցերի շրջանակը լայն է, բայց և մոտավորապես այսպիսին՝
- Ո՞րն է ձեր թիրախային լսարանը, ինչպիսի՞ հետաքրքրություններ և խնդիրներ ունի
- Ի՞նչ ենք ցանկանում ասել այդ լսարանին
- Ի՞նչ ոճով ենք ասելու դա, ի՞նչ ֆորմատով, կոնտենտի ո՞ր տեսակն ենք օգտագործելու և ինչպե՞ս ենք տարածելու այն (բլոգ, սոցցանց, կայք,…)
- Ի՞նչ հաճախականությամբ ենք հրապարակումներ անելու
- Ինչպե՞ս ենք պլանավորում գրավել թիրախային լսարանի ուշադրությունը
- Ի՞նչ յուրահատուկ բան կարող է առաջարկել նրանց ձեր ընկերությունը
- Ինչպես եք ձեր պրոդուկտի միջոցով լուծելու հաճախորդի խնդիրները
- Ո՞վ է լինելու կոնտենտ ստեղծողը, ինչպե՞ս է հրապարակումներ անելու և այլն:
Ինչո՞վ է տարբերվում կոնտենտ պլանը կոնտենտ ռազմավարությունից
«Կոնտենտ պլան» հասկացության իմաստն ակնհայտ է նաև հենց անունից: Այն հրապարակումների գրաֆիկն է, որի նպատակը կայքի, սոցցանցում էջի կամ մեկ այլ հարթակի բովանդակությունն ավելացնելն է՝ նախօրոք մշակված պլանի/գրաֆիկի համաձայն: Կոնտենտ պլանը սովորաբար մշակվում է կոնտենտ ռազմավարության հիման վրա: Պարզ ասած՝ գործողությունների պլան է՝ կոնտենտի հետ աշխատանքում՝ ըստ մշակված և հաստատված կոնտենտ ռազմավարության:
Կոնտենտ պլանի կազմման համար անհրաժեշտ է.
- Իմանալ, թե ինչ հրապարակումներ են պլանավորվում:
- Երբ են դրանք հրապարակվելու և որ հարթակներում:
- Ո՞ւմ համար է պետք պատրաստել հաջորդ հրապարակումը և ի՞նչ գործողություններ են հաջորդելու այս փուլերին:
Իսկ հիմա՝ 5 քայլ՝ արդյունավետ կոնտենտի հասելու ճանապարհին
1. Ձևակերպեք նպատակ
Մինչև կոնտենտի պատրաստություն տեսնելն, անհրաժեշտ է հասկանալ՝ ինչի համար եք դուք դա անում: Յուրաքանչյուր ռազմավարության հիմքում հստակ և կոնկրետ նպատակներ են: Նպատակները հեշտացնում են հաջորդող գործողությունները և ապահովում՝
- Կայքում նոր այցելությունների ավելացում
- Լսարանի ձևավորում և հաճախորդների բազայի ընդլայնում
- Բրենդի ճանաչելիության ավելացում
- Ոլորտում փորձագետի կարգավիճակի հաստատում
- Թիրախային լսարանի լոյալության մեծացում
- Վաճառքի աճ
- Կամ այս ամենը միասին
Կարճաժամկետ նպատակներ դնելիս արժե կենտրոնանալ այս կետերից 2-3-ի վրա, բայց, եթե ռեսուրսները թույլ են տալիս, ավելին անել ոչ ոք չի կարող արգելել:
Նպատակների «փաստաթղթավորումը» հնարավորություն կտա հասկանալ՝ ինչու եք դուք շեշտադրում կատարում կոնտենտի վրա և ինչպես եք անում դա: Օրինակ՝ «Այցելությունների ավելացումը» շատ ընդհանուր նպատակ է, իսկ՝ «Առաջիկա կես տարում ավելացնել այցելությունները 30 տոկոսով»՝ սա արդեն լավ որոշում է ու կոնկրետ նպատակ:
2. Հասկացեք՝ ում համար եք գրում
Նպատակներն առանձնացնելուց հետո պետք է որոշել, թե մարդկանց որ խմբին, հաճախորդների որ սեգմենտին եք ցանկանում ուղղել ձեր խոսքը: Գոհացնել բոլորին հնարավոր չէ, իսկ մարդկանց կոնկրետ խմբի՝ կարելի է: Սկզբի համար պետք է պարզապես հասկանալ՝ ինչ է նրանց հետաքրքրում և այդ հետաքրքրություններից որոնք կարելի է տեղավորել ձեր կոնտենտում:
3. Գնահատեք ռեսուրսների հասանելիությունը
Կարելի է կազմել հանճարեղ պլան, բայց այն հանճարեղ չէ, քանի դեռ ամբողջական չէ և կյանքի չի կոչվել: Իմաստ չկա օրինակ վիդեոպրոդուկտներ ստեղծելու նախագիծ ունենալ, եթե չունեք տեսախցիկ և օպերատոր: Կոնտենտ ռազմավարությունը մշակելիս արժե հաշվի առնել ռեսուրսները և հաշվի նստել դրանց հետ:
Մինչ նոր աշխատանքի պլաններ մշակելն արժե նաև հասկանալ, թե ինչ կա հիմա՝ այս պահին և կատարել «կոնտենտ աուդիտ»: Սա կարող է խնայել գումար և ժամանակ ու հնարավորություն կտա, կայքի դեպքում, խուսափել SEO-սխալներից, ինչպիսին օրինակ՝ բանալի բառերի «լցոնումն» է: Սա մի իրավիճակ է, երբ նույն հարցման համար կայքում կազմվում են մի քանի էջեր, իսկ այդ էջերը հետո մրցակցում են իրար հետ: Արդյունքում՝ կորցրած ժամանակ, անարդյունավետ լուծումներ:
Կայքում «կոնտենտ աուդիտն» ունի 2 հիմնական նպատակ.
- Հնարավորություն է տալիս հասկանալ, թե ինչ թեմայով է արդեն գրվել
- Հասկանալ՝ որ էջերն է պետք վերջնական տեսքի բերել
Այս տարբերակով կարելի է կոնտենտը ներկայացնել մեկ ընդհանուր ռազմավարությամբ՝ թույլ չտալով բացթողումներ և անհարկի կրկնություններ:
4. Հստակեցրեք բովանդակության տեսակները
Տարատեսակ և ձեր գործունեությանը չառնչվող նյութերի պատրաստումը դժվարացնում է ոչ միայն ձեր, այլ նաև ընթերցողի գործը: Հավատարիմ մնացեք ձեր ոլորտին, կայքում կամ բլոգում գրեք ըստ էության:
Ահա մի քանի ունիվերսալ մոտեցում՝
- Որևէ հարցի պրակտիկ լուծմանն ուղղված նյութ
- Ոլորտի մասին հետաքրքիր նորություններ
- Պրոդուկտի նկարագրություն և համեմատություն
- Ուղղորդող հոդվածներ
- Ոլորտի փորձագետների հետ հարցազրույց կամ նրանց հոդվածների հրապարակում
- Հետաքրքիր փաստեր
- Ցուցակների, դիագրամների, ինֆոգրաֆիկաների կազմում և այլն
Առանց կոնտենտ ռազմավարության, հետագա անելիքների ու սկզբունքների մշակման՝ անիմաստ է խոսել ժամանակի ճիշտ պլանավորման մասին: Հետաքրքիր բովանդակությամբ կարելի է գրավել ոչ միայն որոնողական համակարգերի ուշադրությունը, այլ նաև սոցցանցերի օգտատերերի. կոնտենտի տարածման ամենակարևոր օղակներից մեկը հենց սոցցանցերն են:
5. Կոնտենտ պլան կազմեք
Մեր ցանկի հաջորդ տրամաբանական կետը կոնտենտ պլանն է: Նախ պետք է հասկանալ, թե որքան հաճախ ենք ցանկանում կոնտենտ հրապարակել: Սա հնարավորություն կտա վերահսկել գրաֆիկը, հեշտացնել հեղինակների աշխատանքը: Սկզբի համար բավական են Excel-ով կամ Google Sheet-ով կազմված աղյուսակները: Բիզնես կայքերի համար, օրինակ, օպտիմալ է շաբաթական 2-3 հրապարակումը: Եվ հիշեք՝ կարևոր է ոչ միայն որակը, այլ՝ որակը և հաճախականությունը:
Կոնտենտ ռազմավարության կազմման հիմքում, որպես նպատակ, բիզնեսի առաջխաղացումն է, իսկ այն անընդհատ փոփոխություններ ու իրավիճակային որոշումներ պահանջող գործընթաց է: Այնպես որ, ձեր կոնտենտ պլանը պարզապես պարտավոր է միշտ ենթակա լինել բիզնես շահերին, իսկ ռազմավարությունը՝ ճկուն: Հարցնո՞ւմ եք՝ ինչ իմաստ ունի երկար ժամանակ ծախսել ու մշակել կոնտենտ ռազմավարություն, եթե մի օր այն «խմբագրելու» կամ փոխելու «վտանգի» առաջ ենք լինելու: Ասում ենք՝ իմաստ ունի՝ թեկուզ միայն այն պատճառով, որ այդ դեպքում դուք իմանալու եք, թե ինչն եք փոխում կամ խմբագրում տվյալ պահին:
Ի վերջո, եթե խցանման մեջ սպասելիս ձեզ թեյնիկ պետք չէ, դա դեռ չի նշանակում, որ այն առհասարակ ձեզ պետք չի գալու:
Կոնտենտ ռազմավարության հաջողության գաղտնիքը հենց մտքեր, պլաններ, տարբերակներ, լուծումներ գեներացնելն է: Իսկ կոնտենտին առնչվող մտքերը երբեք շատ կամ ավելորդ չեն լինում, ինչպես ավելորդ չի լինում մեկ բաժակ տաք թեյը՝ մանավանդ, երբ այն վայելում եք՝ գիտակցելով՝ թեյնիկն իր ողջ ծանրությամբ ձեր պայուսակում չէր, երբ խցանման մեջ էիք:
Գործը սկսելու պահն է. ջանք մի՛ խնայեք կոնտենտ ռազմավարություն մշակելիս և անպայման կստանաք արդյունք:
Եթե կարծում եք, որ կոնտենտ ռազմավարության մշակման ինչ-որ կարևոր փուլ կամ թեկուզ փոքրիկ դետալ բաց ենք թողել, լրացրեք այն՝ թողնելով մեկնաբանություն մեր ֆեյսբուքյան էջում: