14 ժամ և 11 րոպե. հենց այսքան ժամանակ է ձեզ անհաժեշտ, ցանկի բոլոր 9 ֆիլմերը դիտելու համար:
Մարքեթինգի, գովազդի ու PR-ի ոլորտում աշխատող մարդկանց մասին տարածված կարծիք կա՝ քուն ու դադար չունեն, նրանց միտքը միշտ զբաղված է՝ աշխատանքով, սպասվելիք արշավներով ու վաճառքներ ավելացնելու գաղափարով:
Բայց մենք վստահ ենք, նույնիսկ ամենապրպտուն ուղեղներն ու ամենակրեատիվ մարդիկ ունեն հանգստի ու ուիքենդները «ըստ նպատակի» օգտագործելու կարիք:
Տոներին չե՞ք ուզում կտրվել սիրելի աշխատանքի մասին մտքերից, կարող ենք առաջարկել հանգստի մեր տարբերակը՝ ֆիլմեր՝ հենց մասնագիտության մասին:
Մենք առանձնացրել ենք գովազդի, մարքեթինգի ու PR-ի մասին պատմող 9 ֆիլմ, որ հնարավոր է հետաքրքրեն կամ ոգեշնչեն ձեզ:
Մեզ հետ, համենայդեպս, այս ֆիլմերն այդպես են «վարվել»:
1. 99 Francs, «99 ֆրանկ», 2007
Ֆրանսիացի ժամանակակից գրող Ֆրեդերիկ Բեգբեդերի այս աշխատանքը նրան բերեց լայն ճանաչում և գործազրկություն: «99 ֆրանկ» ֆիլմը ստեղծվել է Բեգբեդերի համանուն գրքի հիման վրա: Հանուն արդարության ասենք՝ ինչպես համարյա միշտ, այս դեպքում ևս, էկրանավորողներին չի հաջողվել մինչև վերջ փոխանցել գրքի ողջ հմայքը, որտեղ միախառնված են քնքշանքը, զզվանքը, մասնագիտական առաջընթացն ու ճգնաժամը, թմրանյութերը, գովազդ ստեղծելն ու վաճառվող մտքեր գեներացնելը, անձնային ճգնաժամներն ու սպառողականության հանդեպ տածած սերը և ատելությունը:
«99 ֆրանկում» Maigrelette յոգուրտի համար գովազդ ստեղծելու գործընթացը վերածվում է գովազդային ոլորտը «մերկացնելու» համարձակ մարտահրավերի:
Խիստ հակասական, բայց և մինչև վերջին տիտրը անկեղծ այս ֆիլմը իսկական ճիչ է, էներգետիկ պայթյուն, ագրեսիայի և հուսահատության յուրահատուկ համադրություն, որտեղ մեղավորներ չկան. այստեղ պարզապես այսպես է և վերջ:
«99 ֆրանկը» կարդալ/դիտել է պետք, թեկուզ հենց այն պատճառով, որ իմանաք՝ սա ձեր գիրքը/ֆիլմը չէր, իսկ գլխավոր հերոս Օկտավի հետ ոչ մի նմանություն չունեք, որովհետև նա ասում է.
«Բայց պահանջարկ ստեղծելու համար անհրաժեշտ է մարդու մեջ բորբոքել նախանձի, ցավի, անհագության տենչը. դրանք են իմ ռազմամթերքները: Իսկ իմ թիրախը դուք եք»:
2. The Joneses, «Ջոնսոնները», 2010
Գովազդի ոչ սովորական տարբերակ՝ Ջոնսոնների ընտանիքից. նրանք եկել են նոր «տեսականիով» և վաճառք կորզելու անհագ ցանկությամբ: Ամերիկյան ու «իդեալական» ընտանիքը տեղափոխվում է նոր քաղաք ու բերում նորություններ՝ հագուստի, կենցաղային պարագաների, ավտոմեքենաների ու անգամ աքսեսուարների տեսքով: Նրանց շրջապատող մարդիկ նույնիսկ գլխի չեն ընկնում, որ սա ոչ թե ընտանիք է, այլ վաճառքի գերմոտիվացված մենեջերների դաշինք՝ ընդդեմ իրենց ճաշակի ու ցանկությունների: Ջոնսոնների «ընտանիքի» յուրաքանչյուր անդամ բրենդավորում է իրեն ու այն, ինչ կրում է, վարում, հագնում կամ ուտում: Իսկ այս ֆոնին զարգանում են պատմություններ՝ սիրային, դրամատիկ, անհաջող, հաջող և վերջապես՝ ծիծաղելի:
Այս ֆիլմը կարելի էր համարել զվարճալի ու լիցքաթափող, բայց մենք այն մինչև վերջ ենք նայել:
3. Thank you for smoking, «Շնորհակալ ենք ծխելու համար», 2005
Իսկ ի՞նչ, եթե ձեր ուսերին մի օր դրվի ոչ սովորական պարտականություն, ասենք՝ զբաղվել սատանայի PR-ով: Մի կողմ թողնենք այն փաստը, որ սեփական մասնագիտության մեջ ձեզ պես հրեշտակ, գուցե, էլ չգտնվի. չէ որ դուք հրեշտակ եք, երբ գործը լավ եք անում:
Ա՛յ, հենց այդպիսի «հրեշտակ» է նաև Նիկ Նեյլորը, ում գործը ծխախոտի լոբբինգով զբաղվելն է, և նա իր գործը լավ է անում:
Այս ֆիլմի առանձնահատկություններից մեկն այն է, որ ողջ ընթացքում չեք գտնի մի կադր, որտեղ հերոսներից ինչ-որ մեկը ծխում է: Ծխելու դրվագը ներկայացված է միայն գլխավոր հերոսի դիտած ֆիլմում:
Thank you for smoking-ը նկարահանվել է Քրիստոֆեր Բակլիի համանուն գրքի հիման վրա:
4. Crazy People, «Խենթ մարդիկ», 1990
Կյանքում գոնե մեկ օգտակար գաղափար, բովանդակություն կամ միտք ստեղծած և այն «լայնորեն սփռած» մարդիկ ասում են, որ դա անելն այնքան էլ հեշտ չէ: Դու չես կարող պարզապես արթնանալ ու պարզապես գրել գովազդային լավ տեքստ, բայց կարող ես արթնանալ ու պարզապես չկարողանալ անել դա՝ նույնիսկ, եթե երեկ լավագույնն էիր ողջ թիմում:
Crazy People ֆիլմի գլխավոր հերոսին, ով գովազդային գործակալության հաջողակ աշխատակից է, կյանքն ուղեկցում է հոգեբուժարան, որտեղ էլ նա ծանոթանում է իր նոր «գործընկերների» հետ:
Շատ նուրբ հումորով, մեղմ, բարի ու էսթետիկ երանգերով՝ ողջ ֆիլմի ընթացքում պտտվում է գովազդի, մարքեթինգի ու հոգեկան առողջության թեման և այդ «թեման կրողների» խնդիրները: Ազնիվ մինչև վերջ և պարզ ու հանճարեղ այդ ազնվության մեջ. այստեղ գովազդ ստեղծում են միայն մեկ պայմանով՝ ճիշտն են ասելու: Իսկ ճիշտը, պարզվում է, վաճառք է ավելացնում և շահութաբեր է: Գովազդ ստեղծում են խենթերը, համարձակներն ու կրեատիվները, գովազդը հենց խենթություն է՝ անսպասելի ու հանկարծակի եկող խենթություն:
Crazy People-ը չի շարունակում նախորդ երեք ֆիլմերի «երգը». սա ուրիշ մեղեդի է, բայց նույն օպերայից:
5. Viktor Vogel — Commercial Man, «Վիկտոր Վոգել. Գովազդների տղան», 2001
Հիշո՞ւմ եք «խենթ» լինելու մասին միտքը. սա հենց խենթությունն է՝ բայց ոչ հոլիվուդյան, այլ գերմանական տարբերակով: «Դանկե»՝ Վիկտոր Վոգելին: Նա երիտասարդ է, ում գովազդային աշխարհը տվել է հստակ հանձնարարություն, բայց Վիկտորը կլուծի խնդիրը՝ առանց այդ աշխարհի «բանաձևերին» նայելու:
Միտքը, լեզուն՝ սուր, ինքը՝ անկանխատեսելի, ամեն բառը՝ մի կարգախոս. այս ֆիլմը կարող է ոգեշնչել նորեկներին և հուշել՝ Վիկտոր Վոգելի նման տղաները ստանդարտ լուծումներ չսիրող պատվիրատուների աչքի լույսը կարող են դառնալ:
6. Syrop, «Սիրոպ», 2012
Ամբիցիոզ երիտասարդն աշխատում է գովազդային գործակալությունում, ունի կրեատիվ մտքեր ու դրանք սպառելու տարածք:
Ընդամենը այսքա՞նը: Ո՛չ, մարքեթինգի, գովազդի ու PR-ի աշխարհում երբեք ամեն ինչ «ընդամենը այսքանով» չի սահմանափակվում:
Մտքեր գողանալուց մինչև գաղափարներ ստեղծել ու վաճառել, կարիերայի աճ և գործընկերային հարաբերություններ ու այս ամենի ֆոնին՝ իմիջ, փող, մարքեթինգ, սեր. «Սիրոպում» սյուժեն զարգանում է երիտասարդ Սքաթի կրեատիվ գլխին եկած խնդիրների շուրջ: Ֆիլմը կհուշի՝ իմիջը կարևոր է ու դրա համար արժե պայքարել: Կարևոր են նաև գաղափարները ու դրանք պետք է կյանքի կոչել կամ վաճառել՝ այլապես կանի դա մեկ ուրիշը, ու կանի՝ ձեր փոխարեն:
Ի վերջո, սա այն ֆիլմն է, որտեղ հերոսը հուշում է, թե որն է մարքեթինգի և արվեստի տարբերությունը: «Սիրոպից» «կում անելու» ու հաճույք ստանալու համար պարտադիր չէ պրոֆեսիոնալ մարքեթոլոգ կամ կրեատիվ տնօրեն լինել. ֆիլմը թեթև է ու օգտակար նաև նրանց համար, ովքեր պարզապես սիրում են այս կամ այն մասնագիտության մասին ինֆորմացիա ունենալ ու մխիթարվել՝ իրենց գործն ամենադժվարը չէ:
7. jOBS, «Ջոբս. Գայթակղության կայսրությունը», 2013
I-թեմաները շրջանցել մենք չենք ուզում. հենց դրա համար digital աշխարհի ամենանշանավոր դեմքերից մեկի կենսագրականը՝ իր, գայթակղության ու կայսրության մասին:
Ֆիլմում Սթիվ Ջոբսի կյանքի դասերն այն մասին, որ մեծ արդյունքների հասնելու համար կարևոր են փոքր դետալները, աշխատասիրությունը, ստեղծարարությունը և վերջապես, որ կարևոր է միայն մի բան՝ չմտածել բոլորի նման:
jOBS-ում ներկայացված է, թե որքան «աշխատամոլ» էր Սթիվը, բարդ, հակասական, ստեղծարար: Մտածողության յուրահատուկ ձև ու հեղափոխական մոտեցումներ ունեցող այս անհատի կյանքի պատմությունը ոգեշնչող է՝ դիտարկենք այն բիզնես ստեղծելու, թե ցանկացած այլ տեսանկյունից:
8.Wag the Dog, «Պոչը շարժում է շանը» կամ «Խաբեություն», 1997
Քաղաքականության մեջ՝ ինչպես շոու-բիզնեսում. հաճախ խնդիրը ոչ թե հանրության ուշադրությունը գրավելն է, այլ՝ շեղելը: 1997-ին էկրան բարձրացած «Պոչը շարժում է շանը» կատակերգական դրաման այն մասին է, թե ինչպես կարելի է ճգնաժամային «հաղորդակցությունը» փոխարինել մեկ այլ՝ այս դեպքում կոնկրետ անհատի համար ավելի նպաստավոր «հաղորդակցությամբ»: Որովհետև հաղորդակցություն լինելու է անպայման և առանց բացառության՝ մնում է միայն այն ճիշտ «ուղղորդել»:
Ֆիլմը պատմում է ԱՄՆ նախագահի «կենսագրությունը փրկելու» ճանապարհին լրատվական դաշտ նետված միֆերի մասին: Ինչպես Ամերիկան «պատերազմ» սկսեց Ալբանիայի դեմ՝ առանց Ալբանիայի մասնակցության և ինչպես «նկարահանվեց» ու ներկայացվեց այս հորինված իրադարձությունը:
Ռոբերտ դե Նիրոյի և Դասթին Հոֆմանի մասնակցությամբ այս ֆիլմում կարմիր թելի պես պտտվում է մի պարզ ճշմարտություն-երկխոսություն.
-Why does a dog wag its tail?
-Because a dog is smarter than its tail.
-If the tail were smarter, the tail would wag the dog.
9. ART & COPY 2009
Creativity can solve anything. կրեատիվությունը կարող է լուծել ամեն հարց:
Փաստավավերագրական ֆիլմ՝ այն մասին, որ կոնտենտը, կրեատիվը, պատկերը շատ բան են փոխում մարքեթինգում, գովազդում և PR-ում:
Ֆիլմը պատմում է աշխարհի ամենաազդեցիկ ընկերությունների և նրանց հետ աշխատած գովազդային գործակալությունների ու անհատների մասին, ովքեր կիսվում են «վաճառվող տեքստի» և կադրի մասին ունեցած իրենց պատկերացումներով և պատմում ամենահայտնի ու սիրված ապրանքանիշների գովազդային արշավների ստեղծման մասին: Ինչպե՞ս ստեղծվեց Nike-ի Just do it կագախոսը և ի՞նչ կապ ունի դրա հետ մահվան դատապարտված տղամարդը, ո՞վ առաջին անգամ որոշեց, որ քոփիրայթերն ու արտ տնօրենը պետք է միասին աշխատեն, ինչպե՞ս Tommy Hilfiger-ը մտավ գովազդային աշխարհ և, թե որքան մեծ տեղ կա այդ աշխարհում ցանկացած գաղափարի և նորարարության համար:
ART & COPY-ն ամբողջացնում է գովազդային աշխարհի նախորդ դարաշրջանի մասին եղած ինֆորմացիան ու պատմական կարճ ակնարկով ընդհանրական պատկերացում տալիս ոլորտի հայրերի մասին: