Ի՞նչ է AMP-ն և ի՞նչ սկզբունքով է աշխատում
AMP-ն «accelerated mobile pages» (թարգմանաբար՝ արագացված բջջային էջեր) անգլերեն բառերի առաջին տառերից կազմված հապավում է: Այն Google-ի նախագիծն է, որը գործում է 2015 թվականի հոկտեմբերից: AMP-ն սմարթֆոններից և պլանշետներից օգտվողների համար կայքի էջերի ցուցադրման տեխնոլոգիա է, որն ապահովում է կայքի բեռնման առավելագույն արագություն:
Դրա օգնությամբ ստեղծվում են արագ բեռնվող դինամիկ էջեր՝ սահմանափակ հնարավորություններով: Այլ խոսքով՝ AMP էջերը սովորական վեբ էջերի խիստ կրճատված տարբերակներն են. դրանցում հիմնական բովանդակությունը կա, սակայն օժանդակ տարրերի մեծ մասը, ներառյալ` անիմացիաները, վիջեթները, մեկնաբանությունների բաժինները,, գովազդները, բացակայում են:
AMP էջ ստեղծելու համար օգտագործվում են հատուկ tag-եր և script-եր: Google-ը տեսնում է այդ tag-երը և դրանցում քեշավորում է կայքի բովանդակությունը: Google-ի որոնման ցանկից ընտրված կայք այցելելիս կայքը ցուցադրվում է անմիջապես Google-ի սերվերներից և շատ արագ:
Ինչո՞ւ է անհրաժեշտ AMP-ն
Բնականաբար, այս տեխնոլոգիան ունի իր առավելություններն ու թերությունները: Եվ միայն դրանց ծանոթանալով՝ հնարավոր կլինի հասկանալ՝ դրա կիրառումը Ձեզ անհրաժե՞շտ է, թե՞ ոչ:
Առավելություններ
· Գլխավոր առավելությունը կայքի բեռնման մեծ արագությունն է. AMP էջի բեռնման միջին տևողությունը 0,7 վայրկյան է: Оգտատերերի մեծ մասը 3 վայրկյանից ավելի չի սպասում կայքի բեռնմանը, և մեծ հավանականություն կա, որ հաջորդ անգամ Ձեր կայք մուտք գործելու և առաջարկած ապրանքներից/ծառայություններից օգտվելու ցանկություն նրանք չեն էլ ունենա:
· AMP-ի օգտագործմամբ կրճատվում է սերվերի ծանրաբեռնվածությունը: Անկախ նրանից՝ դուք օգտագործում եք Ձեր սեփական սերվերը, թե հոսթինգ՝ եթե սմարթֆոններից թրաֆիկը մեծ է, AMP-ի շնորհիվ այն կնվազի: Սա նշանակում է, որ ձեր սերվերն ավելի արագ կգործի:
· AMP տեխնոլոգիան կարող է բարձրացնել վեբ էջի վարկանիշը որոնողական համակարգում, ինչը դրականորեն կանդրադառնա SEO-ի և կայքի առաջխաղացման վրա:
Թերություններ
· AMP էջերի տեսքը սովորականներին անհամեմատ զիջում է. բեռնման արագության համար Դուք զոհաբերում եք կայքի արտաքին գրավչությունը:
· Սովորական էջերի համեմատ՝ արագացվածները զուրկ են մի շարք հնարավորություններից. չկան նմանատիպ հրապարակումների և մեկնաբանությունների բաժիններ, կողային սյունակ, (sidebar): Անհրաժեշտ տարրերը պետք է ավելացնել ձեռքով կամ plugin-ների օգնությամբ: AMP-ում չկան նաև կողմնակի վիջեթներ:
· Ձեզ գուցե անհարմարություն պատճառի սահմանափակ գովազդը. այնպես չէ, որ AMP-ի դեպքում գովազդ չկա, ուղղակի այն խիստ կրճատված ռեժիմով է:
· Google Analytics-ի իրական վիճակագրություն հնարավոր է ստանալ միայն հատուկ tag օգտագործելու պարագայում: Այն հարկավոր է նշել կայքի՝ արագացված դիտմանը հարմարեցված բոլոր էջերում:
· Տեսականորեն AMP-ի պատճառով կարող են ինդեքսավորման հետ կապված խնդիրներ առաջանալ:
· Ըստ էության, ցանկացած AMP պարզապես Google-ի cash-ն է՝ ուղարկված օգտատիրոջը, ոչ թե ինքնուրույն ձևավորված էջ: Այսինքն՝ ծառայությունը դուրս է թողնում ավելորդ ամեն ինչ, բովանդակությունը cash է դարձնում, այնուհետև տվյալները փոխանցում օգտատերերին:
· AMP էջերը գործում են միայն Google-ի որոնման արդյունքի հիման վրա, այն էլ միայն բջջային սարքերով մուտք գործելիս:
· Կայքում տեղադրված գովազդը, որպես կանոն, չի ցուցադրվում AMP էջերում:
Ո՞ւմ է անհրաժեշտ AMP-ն
AMP տեխնոլոգիան առաջին հերթին օգտագործում են լրատվական կայքերը, բլոգները և տեղեկատվական այլ աղբյուրները, որոնց համար արագությունը մրցակցային առավելություն է: Սակայն դա չի նշանակում, որ AMP-ի ընձեռած հնարավորություններն այլ ոլորտներում չեն կիրառվում: Օրինակ՝ առցանց խանութները ևս հետաքրքված են տեխնոլոգիայով և արդյունավետ օգտագործում են այն:
Ձեզ անհրաժե՞շտ է, արդյոք, AMP-ն: Հարցին դրական պատասխան տալու համար անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք հանգամանքներ:
· Դուք չեք օգտագործում Google Analytics-ը, և Ձեզ համար այնքան էլ կարևոր չէ, թե այն ինչպես է արտահայտվում:
· Կայքի սովորական տարբերակների գովազդից ստացած եկամուտը Ձեզ բավարարում է, և կարող եք անտեսել բջջային գովազդը:
· Պատրաստ եք բջջային սարքով Ձեր էջը բացելիս կախված լինել որոնողական համակարգի cash-ից:
Ինչպե՞ս գործի դնել AMP-ն
AMP-ի գործարկման համար անհրաժեշտ է պատրաստել հատուկ web framework: Կայքի էջերի յուրաքանչյուր տեսակի համար պետք է ստեղծել առանձին AMP տարբերակ, ապա էջի արագացված տարբերակը կապել սովորականին, որ որոնողական համակարգերն իմանան նրա մասին: Դա արվում է` ավելացնելով հատուկ հղում:
Եթե ցանկանում եք ստեղծել AMP էջեր Ձեր կայքի համար, ապա հարկավոր է ստեղծել համապատասխան HTML կառուցվածք: Իմանալու համար, թե ինչպես դա անել, առաջարկում ենք ուսումնասիրել այս նյութը՝ https://amp.dev/ru/documentation/guides-and-tutorials/start/create/basic_markup/?referrer=ampproject.org
Հայտնի CMS-ների համար (օրինակ WordPress, 1C-Bitrix և այլն) կան պատրաստի լուծումներ, որոնք թույլ են տալիս արագ ներդնել AMP-ն կայքում: Plugin-ների մեծ մասը վճարովի են և բավական սահմանափակ հնարավորություններով, ուստի ընտրություն կատարելուց առաջ հարկավոր է մանրամասն ուսումնասիրել առաջարկվող տարբերակները: Գուցե ավելի լավ է զրոյից ստեղծել AMP տարբերակը:
WordPress-ի համար անհրաժեշտ plugin կարելի է ընտրել https://wordpress.org/plugins/ էջում: Առավել հայտնի plugin-ը սա է՝ https://wordpress.org/plugins/amp/: Ահա կարգավորումների ուղեցույցը՝ https://www.wpbeginner.com/wp-tutorials/how-to-properly-setup-google-amp-on-your-wordpress-site/:
Ներկայումս 1C-Bitrix-ում կա միայն մեկ լուծում՝ https://marketplace.1c-bitrix.ru/solutions/impel.amp/:
Արագ բեռնման, պարզության և արդյունավետության շնորհիվ AMP տեխնոլոգիան շարունակում է պահանջված մնալ: Դրա կիրառումը նախընտրում են հատկապես նրանք, ովքեր աշխատում են մեծ լսարանների հետ՝ լրատվամիջոցները, բլոգերները, բիզնեսով զբաղվող ընկերությունները: Google-ից բացի՝ համանման սեփական գործիքներ ունեն Яндекс-ը (Турбо страницы), Facebook-ը (Instant Articles), Telegram-ը (Instant View), որոնք գործում են միայն այդ հարթակներում:
Թեև AMP-ն ունի մի շարք թերություններ, որոնց մասին արդեն ներկայացրինք, սակայն ամենամեծ առավելության՝ արագության կողքին դրանք հաճախ չեն էլ նկատվում. չէ՞ որ ընթերցողին կամ հաճախորդին սպասեցնել խորհուրդ չի տրվում: