Պատահե՞լ է այնպես, որ այցելեք որևէ ընկերության կայք, և հետո դրա գովազդները այլ կայքերում Ձեզ հանգիստ չտան: Եթե նման «հետապնդումների» «զոհն» եք դարձել, ուրեմն բրենդը / կազմակերպությունը դիմել է Retargeting-ի (վերաթիրախավորում) օգնությանը:
Ի՞նչ է Retargeting-ը (ռեթարգեթինգ)
Retargeting-ը / Remarketing-ը (նաև՝ ռեթարգեթինգ, ռեմարքեթինգ) գովազդային / մարքեթինգային գործիք է, որի օգնությամբ կայքի կամ հավելվածի այցելուներին հիշեցնում են նախկինում (օրեր, շաբաթներ առաջ) ապրանքանիշի / ընկերության / առաջարկվող ապրանքներով / ծառայություններով հետաքրքրվելու մասին և փորձում «վերադարձնել» այդ նույն կայք՝ պատվեր կամ այլ նպատակային գործողություն կատարելու նպատակով:
Ռեթարգեթինգի դեպքում առցանց գովազդը թիրախավորում է այն մարդկանց, որոնք արդեն տվյալ գովազդատուի կայքում կամ հավելվածում նայել են իրենց հետաքրքրող էջը / պրոդուկտի էջը: Ըստ էության, դա այն կայքի / պրոդուկտների կրկնվող գովազդ է, ուր օգտատերն այցելել է:
Retargeting-ի հնարավորություններ են ընձեռում Google Ads, Яндекс Директ, Facebook Ads, Instagram, ВКонтакте, MyTarget և այլ հարթակներ: Ի դեպ, Google Ads-ում այդ գործիքն անվանում են Remarketing, իսկ Facebook-ում՝ Pixel:
Ինչպե՞ս է աշխատում Retargeting-ը
Գովազդատուի կայքում տեղադրվում է հատուկ ծրագրային կոդ (Яндекс-ի համար Яндекс.Метрика-ի, Google-ի համար Google Analytics-ի, Facebook-ի համար Facebook Pixel-ի միջոցով): Կայքում որևէ գործողություն կատարելու կամ պարզապես այցելելու պահին այն գործարկվում է և օգտատիրոջ դիտարկիչից (browser) «cookie»-ների միջոցով պահպանում է տեղեկություն, որն այնուհետև օգնում է գտնել նրան: Գովազդային ցանցի մասնակից կայքերում տեղադրվում է կոդը, որը կարդում է այդ տեղեկությունը, և համընկնման դեպքում գովազդը ցուցադրվում է օգտատիրոջը:
Օրինակ՝ եթե օգտատերն այցելում է կահույքի կայք, նայում է տարբեր ապրանքներ, սակայն այդպես էլ գնում չի կատարում, ակտիվանում է կոդը, և օգտատերը, մուտք գործելով սոցիալական ցանց կամ, ասենք, լրատվական կայք, տեսնում է ընկերության կամ պրոդուկտի գովազդը: Շատ մարդկանց, բնականաբար, նման «հետապնդումները» անհարմարություններ են պատճառում, սակայն նաև օգնում են նմանատիպ այլ ապրանքներ ևս տեսնել և գնում կատարել:
Retargeting-ի ի՞նչ տեսակներ կան.
Retargeting-ը կախված է կարգավորման միջոցից և բովանդակության տեսակից: Սովորաբար առանձնացնում են ռեթարգեթինգ-ի հետևյալ տեսակները.
Վարքային – դասական տեսակն է, կախված է օգտատիրոջ վարքից, այսինքն՝ նրա՝ կայք այցելություններից, կոճակի սեղմումից, որոնումներից և այլն:
Որոնողական — հաշվի են առնվում ոչ միայն կայքի այցելությունները, այլև այն, թե ինչ է փնտրել օգտատերը: Դրանից հետո գովազդները / հայտարարությունները կարող են ցուցադրվել որոնողական էջերում և ներառել բանալի բառեր: Հենց օգտատերը որոնման դաշտում գրում է Ձեր նշած բանալի բառերը, նա տեսնում է Ձեր գովազդը` անկախ նրանից՝ այցելե՞լ է նա Ձեր կայք, թե՞ ոչ:
Դինամիկ – այս տեսակի դեպքում հայտարարությունները համապատասխանեցվում են անհատ օգտատիրոջ հետաքրքրություններին: Եթե նա Ձեր կայքում նայել է պահարան, վերջինս «նրան» կհետապնդի նաև այլ տեղերում: Ի դեպ, օգտատերը կտեսնի նաև նախկինում չնայած ապրանքներ, որոնք, ամենայն հավանականությամբ, նրան կհետաքրքրեն:
Ինչո՞ւ է բիզնեսին անհրաժեշտ Retargeting-ը (վերաթիրախավորումը)
Retargeting-ն արդյունավետ գործիք է բիզնեսի համար, քանի որ կարող է նպաստել մի շարք խնդիրների լուծմանը:
- Դրդում է գնում կատարել: Ըստ հետազոտությունների՝ «զամբյուղում» ապրանքներ ավելացնելու և չգնելու դեպքերը շատ-շատ են: Միևնույն գովազդի պարբերաբար հայտնվելը կարող է «ստիպել» պատվերի ձևակերպումը ավարտին հասցնել:
- Առաջարկում է ապրանքներ/ծառայություններ, որոնք կարող են հետաքրքրել օգտատիրոջը:
- Ապահովում է կապը մշտական հաճախորդների հետ. հիշեցնում է ընկերության մասին, առաջարկներ ներկայացնում՝ մեծացնելով նոր գնումներ կատարելու հնարավորությունը:
- Մեծացնում է ապրանքանիշի ճանաչելիության, ինչպես նաև նրա նկատմամբ վստահության մակարդակը:
ՌԵԹԱՐԳԵԹԻՆԳԻ (RETARGETING) ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Անկախ գովազդի նպատակից՝ վերաթիրախավորումը (Retargeting) կարող է էական ներդրում ունենալ ձեր ռազմավարության հաջողության մեջ: Ահա Remarketing-ի ընդամենը մի քանի առավելություն.
Գովազդի ցուցադրում այն հաճախորդներին, որոնք գնմանը մոտ են: Դիմե՛ք այն օգտատերերին, որոնք արդեն փոխազդեցության մեջ են եղել Ձեր ընկերության հետ: Նրանք կտեսնեն Ձեր գովազդը այլ կայքեր այցելելիս, բջջային հավելվածներ օգտագործելիս և Google-ով ձեր մասին տեղեկություններ որոնելիս:
Նեղ թիրախային գովազդ: Ստեղծե՛ք Retargeting-ի ցուցակներ հստակ պայմաններով, օրինակ՝ ներառե՛ք այն օգտատերերին, որոնք կայքի զամբյուղում որևէ բան են ավելացրել, բայց գնում չեն կատարել:
Մեծ ներգրավվածություն: Գովազդները կարող եք ցուցադրել ավելի քան երկու միլիոն կայքերում և բջջային հավելվածներում:
Կարծում ենք՝ արդեն համոզվեցիք, թե ինչքան կարևոր է Ռեթարգեթինգը (Retargeting-ը) և նպատակային կիրառման դեպքում ինչ ազդեցություն կարող է ունենալ: Ուստի առաջարկում ենք դիմել այս գործիքի օգնությանը, իսկ արդյունավետ ներդրման հարցում կարող եք վստահել մեզ:
Google-ում, Yandex-ում և Facebook-ում վերաթիրախավորման կարգավորումների մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով այս հղումներով:
https://support.google.com/google-ads/answer/2454000?hl=en
https://yandex.ru/support/direct/impression-criteria/retargeting-lists.html
https://www.facebook.com/business/help/144576119557578?id=1913105122334058
Մի քանի խորհուրդ արդյունավետ Retargeting-ի (Ռեթարգեթինգ) համար
1. Շարունակ ստեղծագործե՛ք, փորձե՛ք տարատեսակ գովազդներ, մինչև պարզեք, թե որն է դրանցից առավել արդյունավետը:
2. Հետևե՛ք վիճակագրությանը՝ հասկանալու համար, թե որ գովազդը, որ ժամին և որտեղ տեղադրվածն ազդեցություն գործեց:
3. Շատ մի՛ «հետապնդեք» գնորդներին. գովազդը կարող է հակառակ ազդեցություն ունենալ և վանել նրանց:
4. Ակտիվորեն կիրառե՛ք սոցիալական ցանցերի հնարավորությունները. մարդիկ այնտեղ շատ ժամանակ են անցկացնում:
5. Թիրախային լսարանին հատվածների բաժանե՛ք. կայքի բոլոր այցելուներին նույն գովազդը ցուցադրելն այնքան էլ արդյունավետ չէ (եթե չասենք՝ որոշ դեպքերում անիմաստ է):
6. Օգտագործե՛ք մարքեթինգային հայտնի հնարքները՝ գրավիչ վերնագիր, տեսանյութեր, լուսանկարներ, թվեր և այլն:
7. Մտածե՛ք, թե ապագայում ինչ պետք կգա հաճախորդին: Օրինակ՝ եթե նա գնել է հեռախոս, նրան գուցե պատյան անհրաժեշտ լինի: Ապրանքն առաջարկե՛ք մինչև նրա փնտրելը:
8. Գովազդի միջոցով հույզեր առաջացրե՛ք: