2000-ականներին սկսեցին ստեղծվել և տարածվել փոդքասթները (անգլ.՝ podcast): Հետո կարծես հետաքրքրությունը նրանց նկատմամբ նվազեց վիդեոբովանդակության մեծ հոսքի պատճառով:
Եվ ահա, տարիներ անց փոդքասթները կրկին արդիական են: Այս ձևաչափով նյութերի ժանրերը տարբեր են, ունկնդիրների հետաքրքրությունները՝ ևս:
Փոսդքասթը նաև մարքեթինգային արդյունավետ գործիք է: Ձեզ ենք ներկայացնում podcast-ների ընձեռած լայն հնարավորություններից օգտվելու 5 հիմնավոր պատճառ:
1. Տեղեկության մատուցման պարզությունը
Փոդքասթը տեղեկությունը ներկայացնում է բացառապես խոսակցական եղանակով: Այս ձևաչափի դեպքում չկա փաստերի չոր ներկայացում. մենք նման խոսք կարող ենք լսել մեր ընկերներից կամ գործընկերներից, և դա, բնականաբար, վստահություն է ներշնչում: Մենք չենք ունենում այնպիսի զգացողություն, որ ինչ-որ բան կարող ենք բաց թողնել: Փոդքասթի ժանրերի բազմազանությունը (հարցազրույցներ, երկխոսություն և այլն) մեզ հնարավորություն է տալիս որևէ բան պատմել աշխույժ և հետաքրքրաշարժ ձևաչափով:
2. Ստեղծման մատչելիությունը
Փոդքասթի ստեղծման գործընթացը, իհարկե, ավելի քիչ ծախսատար է, քան, օրինակ, տեսանյութինը: Աշխատանքում ներգրավված են ավելի քիչ մասնագետներ, ավելի քիչ սարքավորումներ են անհրաժեշտ: Սակայն ստեղծվում է եզակի նյութ, որը շատ ծախսեր և ժամանակ չի պահանջում:
3. Օգտվելու հարմարությունը
Կարելի է մեքենայով երթևեկել, մարզվել, քայլել, տան գործերով զբաղվել և միևնույն ժամանակ ստանալ նոր օգտակար տեղեկություն:
Փոդքասթների տևողությունը սովորաբար տատանվում է 20 րոպե — 1 ժամ միջակայքում: Այս ժամանակահատվածը հարմար է լսելու համար. չափահաս մարդու կենտրոնացման միջին ժամանակը հենց այս սահմաններում է: Փոդքասթներ լսելով՝ մենք մեզ չենք «տանջում» գիտելիք ձեռք բերելու համար, այլ դա դարձնում մեր օրվա մի մասը: Հետևաբար, փոդքասթի միջոցով ընկերությունն ամենօրյա կապ է պահպանում իր ունկնդիրների` հնարավոր հաճախորդների հետ:
4. Տարածման հնարավորություններ
Ի տարբերություն վիդեոբովանդակության՝ այս պահին գոյություն չունի փոդքասթների մեկ միասնական շտեմարան, սակայն աստիճանաբար ընդլայնվում են տարբեր աղբյուրներից փոդքասթ ընտրելու հնարավորությունները: Բացում ենք «Apple Music»-ը կամ «Яндекс.Музыка»-ն, և համակարգը ինքն է մեզ առաջարկում կատեգորիա, որում մենք կարող ենք ընտրել մեզ հետաքրքրող թեմայի վերաբերյալ աուդիոֆայլեր, կազմվում են փոդքասթների ցանկեր, որոնք միավորված են մեկ թեմայի շուրջ: Դրա համար էլ «լսելու ոչինչ չկա» իրավիճակը, ամենայն հավանականությամբ, չի առաջանա:
5. Թեմաների և ժանրերի ընտրության մեծ հնարավորություն
Վավերագրական, կրթական, խոսակցական և այլն, և այլն. փոդքասթների ժանրերը շաաա՜տ բազմազան են: Իսկ նյութի նկատմամբ ոչ ստանդարտ մոտեցումը լավ փոթդքասթի հիմնական հատկանիշն է. բարդի մասին պատմում ենք պարզ ձևով, պարզին նայում ենք անսովոր տեսանկյունից: Բացի դրանից՝ ինչպես փորձը ցույց է տալիս, խոսակցության առարկա կարող է դառնալ ցանկացած բան՝ մշակույթը, տեխնոլոգիաները, հոգեբանությունը, պատմությունը, քաղաքականությունը, հարաբերությունները: Իսկ ինչի՞ մասին ենք մենք ուզում խոսել, ո՞րն է մեր թիրախային լսարանը:
Փոդքասթը, անկախ ժանրից և թեմայից, աշխարհին նոր տեսանկյունից նայելու հնարավորություն է և՛ օգտատերերի, և՛ ստեղծողների համար: Այն կատարում է ինչպես ժամանցային, այնպես էլ կրթական գործառույթ՝ միևնույն ժամանակ մնալով համընդհանուր մեդիա: Եվ դա նրա հիմնական առավելությունն է:
Իհարկե, ընկերության համար, սեփական podcast-ի ստեղծումը ապրանքանիշը հանրայնացնելու և նոր հաճախորդներ ներգրավելու միջոց է: Սակայն ամենաարժեքավորը լսարանի հետ նույն լեզվով և ընդհանուր թեմայի շուրջ խոսելու, երկխոսություն սկսելու հնարավորությունն է:
Աղբյուրը՝
https://rusability.ru/content-marketing/zachem-biznesu-podkasty-5-ubeditelnyh-prichin/