Եթե դուք բիզնես ունեք և ցանկանում եք ինսթագրամյան էջի առաջխաղացում անել, բայց համոզված չեք, որ այն արդյունավետ է, ապա եկեք դիմենք վիճակագրությանը:
- Ինսթագրամի ակտիվ օգտատերերը հիմնականում 18-29 տարեկան կանայք են:
- Hopes & Fears-ի տվյալներով՝ հագուստների Haute Future ապրանքանիշը գնումների 80 %-ը իրականացնում է հենց Instagram-ի միջոցով:
- BlogLovin ընկերության տվյալներով՝ Instagram-ն ամենաարդյունավետ հարթակն է հաճախորդներ ներգրավելու համար:
Instagram-ի՝ արդյունավետ վաճառքների աղբյուր լինելու մասին այնքան է խոսվում, որ թվում է՝ ասում ես կախարդական բառերն ու վաճառում, էլ ոչինչ պետք չէ:
Հոդվածը նրանց համար է, ովքեր չեն վստահում կախարդական փայտիկներին և խոսքերին ու ցանկանում են տեղեկանալ «կախարդանքի» տեխնիկական կողմի մասին:
Եվ մենք կոտրում ենք 8 միֆ՝ Instagram-ում հրապարակումներ անելու մասին:
1. Տեքստի կարիք չկա, կարևորը լուսանկարն է և մեզ շտապ դիզայներ է պետք
Տեքստի կարիք միշտ կա, իսկ լուսանկարը, այո՛, կարևոր է: Այն, որ Instagram-ի լուսանկարը պետք է որակյալ լինի, գիտեն բոլորը. օգտատերերի աչքը շոյելու համար լավ լուսանկարներ են պետք և համոզիչ տեքստ:
Կարիք չկա ընկնել հին թրենդների գիրկը, Instagram-ում ձեզ ավելի շատ պետք կգա ստեղծարարությունը: Օրինակ՝ կոլաժներն էլ թրենդային չեն:
Իհարկե, ամեն բիզնես չէ, որ կարող է իրեն թույլ տալ դիզայներ ունենալ, սակայն կարելի է, ըստ անհրաժեշտության, մեկ անգամ օգտվել դիզայներական ծառայություններից, հետո պատրաստի ֆայլերի որոշ դետալներ օգտագործել՝ տարբեր հրապարակումներ անելու համար: Այս պարագայում կարելի է նաև տեքստային բովանդակությունը ճիշտ ու «հարմոնիկ» տեղադրել:
Փոքր և միջին բիզնեսն ավանդաբար ֆիքսվում է ինտերնետ մարքեթինգի ծառայություններ մատուցող ընկերությունների կամ ֆրիլանսերների ծառայությունների վրա՝ միանգամից լուծելով նաև դիզայներական ծառայությունների հարցը՝ ընտրելով ֆրիլանսերներ, ովքեր նկարների հետ աշխատելու հմտություններ են ունենում:
Այսպիսով՝ տեքստն ու լուսանկարը կարևոր են լավ Instagram ունենալու համար, իսկ դիզայների հաստիք ստեղծելը պարտադիր չէ՝ հատկապես փոքր բիզնեսի դեպքում:
2. Հետևողներ կարելի է հավաքել նաև «սև մեթոդներով»
Սրա մասին շատ է խոսվել, ասվել, պատմվել. Ինսթագրամում ոչ ոքի պետք չեն ձեր գնած, գողացած կամ համոզելով կորզած հետևողները. նրանք լսարան չեն, իսկ դա ինքնախաբեության ձև է: Աուդիտորիա հավաքելու համար կարող եք բարելավել հրապարակումների որակը, օգտվել թիրախավորված գովազդի հնարավորությունից, թեկուզ գնալ-բաժանորդագրվել, ձեր կարծիքով, թիրախային լսարանի որոշ անդամների ու սպասել, որ նրանք հետ կգան, բայց ոչ հետևողներ «գնել»:
Կեղծ լայքեր հավաքելով բիզնեսն իրականում ունենում է 0 արդյունք և 0 ներգրավվածություն:
3. Եթե սկսենք քոմենթել հայտնիություն կամ ճանաչում ունեցող մարդկանց, մեզ ավելի շատ մարդ կճանաչի ու կհետևի
Դուք կարող եք հանդես գալ որպես փորձագետ, պատասխանել օգտատերերի հարցերին և ձեռքի հետ սեփական PR-ն անել: Շփվել ու հաղորդակցվել կարելի է միշտ, բայց քոմենթներում սփամ անելը, անընդհատ անիմաստ աչքի տակ լինելը նյարդայինացնելու է լսարանին:
4. Պետք է հրապարակումներ անել միշտ ու շատ
Կենտրոնացեք որակի, այլ ոչ թե քանակի վրա: Յուրաքանչյուր փոսթի թեման ընտրելիս ու հրապարակումն անելիս հիշեք, որ այն արվում է մեկ ընդհանուր նպատակի համար, որն ավելի ճանաչելի է դարձնելու էջը, մեծացնելու է վաճառքները: Թիրախավորմանը կօգնի կոնտենտ մարքեթինգային ստրատեգիան ու ձեր՝ օգտատերերին չհոգնեցնելու մասին խոստումը:
5. Առանց սթորիների գործը գլուխ չի գա
Dolce&Gabbana ապրանքանիշի ինսթագրամի էջը չի տեղադրում սթորիներ ամեն օր: Բայց, օրինակ՝ բրենդի դեմքերից մեկը՝ Ստեֆանո Գաբբանան, գրեթե ամեն օր մոտ 30 սթորի է հրապաարակում: Հուսով ենք՝ ոչ ոք չի կասկածում, որ Dolce&Gabbana-ն եկամտաբեր բիզնես է՝ նաև ուշ-ուշ եկող սթորիներով:
Ուզում ենք ասել՝ նախ անհրաժեշտ է հասկանալ՝ որքանով են story-ները համապատասխանում ձեր բիզնես ստրատեգիային, ի՞նչ խնդիրներ են լուծելու, կարելի՞ է առանց դրանց կիրառման գլուխ հանել և ի՞նչ սկզբունքով է պետք կիրառել:
Սթորիներ անելիս մտածեք ոչ թե թրենդի մեջ լինելու, այլ բիզնեսին օգուտ տալու տեսանկյունից:
Իսկ եթե ձեր բիզնեսի Ինսթագրամում այնուամենայնիվ, սթորիները պարտադիր պայման եք համարում, այդ նկարները չեն կրկնում էջի հրապարակումները և ցանկանում եք, որ դրանք մնան «Instagram-ում մի տեղ», բայց ոչ հրապարակումների մեջ, ապա իմացեք՝ այդ հնարավորությունն էլ կա: Սթորիների կյանքն Instagram-ը երկարացրել է, դրանք կարելի է համախմբել մեկ կամ մի քանի «վերնագրերի» տակ և պահպանել էջում:
6. Մեզ գովազդ պետք չէ
Գովազդն առաջխաղացման կարևոր գործիքներից է: Այն ապահովում է մասայական ֆոլոուինգ և լայքինգ:
Հետևողներ հավաքագրող մյուս տարբերակներից՝ լայքեր ու հետևողներ «գնել», սա առանձնանում է արդյունավետությամբ և հնարավորություն է տալիս խուսափել լրացուցիչ խնդիրներից, որոնք կարող են առաջանալ, ոչ ազնիվ մեթոդներով լսարան հավաքելուց:
7. Մեզ Instagram չի սազի
Եթե կարծում եք, որ այս հարթակը միայն գեղեցկությանը, խնամքին ու օնլայն խանութներին է բնորոշ, ապա սխալվում եք: Բիզնեսը բիզնես է, սոցմեդիա մարքեթինգը՝ սոցմեդիա մարքեթինգ. Սարատով քաղաքի բետոնի գործարանը ձեզ օրինակ:
8. Մեզ «սկանդալ» պետք չէ
Սոցիալակնա ցանցերը, օնլայն հարթակները ու ընդհանրապես աշխարհը շատ անկանխատեսելի են. դուք կարող եք երկար աշխատել մի հրապարակման համար և՝ ոչինչ, կարող եք պարզապես ծիծաղելի լուսանկար տեղադրել ու ավելի շատ դիտումներ ու կոմունիկացիա ունենալ էջում:
Ամեն ինչ ոչ միայն անկանխատեսելի է, այլ նաև անարդա՞ր: Հնարավո՛ր է, բայց միայն ոչ նրանց համար, ովքեր որոշում են պարզապես նոր ու կրեատիվ տարբերակ մշակել. հիշեք օրեր առաջ Instagram-ի թագուհի դարձած ձվին, ում հաջողվել է սոցցանցի պատմության մեջ ամենամեծ թվով լայքեր հավաքել: Իհարկե սա նախադեպային օրինակ է, սակայն հուշում է՝ պարզապես պետք է երբեմն հոսանքից շեղվել ու որոշել՝ սկսում ենք այս հոդվածի 9-րդ կետից: Ուղղակի մի հարց կա՝ դուք պետք է իմանաք և՛ «սկանդալ» անելու, և՛ չանելու ձևերը: Միայն մեկով SMM չես անի, տուն չես պահի: