Եթե դու աստղ ես, բայց քո նկարները չեն զարդարում Vogue-ի կամ գոնե Esquare-ի շապիկները, ապա դու էլի աստղ ես, բայց՝ TikTok-ում (ՏիկՏոկ): Իսկ սա բնավ կատակ բան չէ:
ՏիկՏոկ-ը (TikTok) բջջային հավելված է՝ նախատեսված վիդեոների ստեղծման, խմբագրման և տարածման համար: Համաշխարհային ռեյտինգում այն 4-րդն է` ամենից շատ բեռնվող հավելվածների ցանկում: Զիջում է միայն WhatsApp-ին, Facebook-ին և Facebook Messenger-ին:
TikTok-ը չինական Bytedance կազմակերպության սեփականությունն է: Bytedance-ն այս տարի Bloomberg-ի կողմից ճանաչվել է որպես աշխարհի ամենաթանկ ստարտափ (75 միլիարդ դոլար)՝ թիկունքում թողնելով հանրահայտ Uber-ին (72 միլիարդ դոլար): Կազմակերպության հիմնադիրը Չժան Իմինգն է (Zhang Yiming), ով արդեն իր տեղն ունի մինչև 40 տարեկան ամենաազդեցիկ մարդկանց ցանկում:
2017 թվականին Bytedance ընկերությունը մոտ 1 միլիարդ դոլարով գնում է musical.ly-ի հավելվածն, իսկ 2018-ին musical.ly-ն ու TikTok-ը միավորվում են ու պաշտոնապես անվանվում՝ «Tik Tok — including musical.ly»:
Այսօր արդեն Uber-ի, Facebook-ի, Instagram-ի, WhatsApp-ի հետ մրցող TikTok-ը թողարկվել է 2016-ին՝ Douyin անունով: Ծնունդից 2 տարի անց էլ քչերը գիտեին սոցցանցի մասին (այնքանով, որքանով չինացիներին կարելի է քիչ համարել), բայց հետո TikTok-ը սկսեց մեծ տարածում գտնել նաև Չինաստանի տարածքից դուրս՝ շնորհիվ Karma Is A Bitch ֆլեշմոբի:
Այս տարվա սեպտեմբերին արդեն պարզ դարձավ՝ հավելվածն ամենաբեռնվողն է ԱՄՆ-ում և շրջանցել է YouTube-ին և Instagram-ին:
Ողջ աշխարհում այն ներբեռնել են ավելի քան 500 միլիոն մարդ: TikTok-ն իր հաստատուն դիրքն ունի ու երկու ոտքով ամուր կանգնած է դեռահասների կողմից բեռնվող հավելվածների առաջին հորիզոնականում: Ռուսական թոփերում այն ամենաշատ բեռնվող հավելվածների ցանկում 5-րդն Google Play-ում և 14-րդը՝ App Store-ում: Հայաստանում TikTok-ը նոր-նոր է տարածվում, բայց կարծես արագ տեմպերով և կրկին՝ առավելապես դեռահասների շրջանում:
Ի՞նչ պետք է իմանալ այս նոր «վիրուսի» մասին
Z-սերնդին վիդեոկոնտենտով հետաքրքրելու համար պետք է ճիշտ օգտագործել ամեն վայրկյանը՝ մանավանդ, երբ դուք ունեք ընդամենը 8 վայրկյան: Հետազոտողներն ասում են՝ աչքդ թարթում ես, ու նրանք արդեն ձանձրացել են:
ՏիկՏոկ-ը (TikTok) վիդեոբովանդակություն ստեղծող հավելվածների խառնուրդ է: Պատկերացրեք՝ Instagram-ից հանում ենք story-ներ անելու հնարավորությունը, ավելացնում մի քանի ֆունկցիա Snapchat-ից, Periscope-ի լսարանին տեղափոխում ենք այստեղ ու սեղմում Play կոճակը. TikTok-ը պատրաստ է: Ի դեպ, այստեղ ոչ հեղինակային իրավունքի հարց կա, ոչ էլ թիվ ու հաշիվ՝ երաժշտական պահոցում տեղ գտած երգերին: Հանգիստ կարող եք որպես մենակատար հանդես գալ Բրունո Մարսի կամ Արիանա Գրանդեի երգերով:
Կարճ, զվարճալի, երաժշտական, անսպասելի ու կրկին՝ կարճ: Հենց սա է ՏիկՏոկ-ի (TikTok) հոլովակների պոպուլյարության պատճառը:
Սոցցանցի թիրախային ու հիմնական լսարանը դպրոցականներն ու պատանիներն են: ՏիկՏոկ-ում յուրաքանչյուր օգտատեր կարող է բաժանորդագրվել մեկ ուրիշին և հավելվածի իր էջում տեսնել մյուսների տեղադրած վիդեոները:
Հավելվածից կարելի է օգտվել նաև առանց մուտքի գրանցման. այս դեպքում հասանելի է միայն առաջարկվող տեսացանկերի էջը, որը տարբեր երկրներում, տարբեր է: Մյուս ֆունկցիաներից օգտվելու համար (վիդեոներ խմբագրել, երաժշտություն կամ աուդիոկոնտենտ ավելացնել և հրապարակումներ անել) TikTok-ն էլ է տվյալներ պահանջում:
Յուրաքանչյուր հոլովակի կարելի է կցել հավելվածում առկա երաժշտություններից մեկը կամ ներբեռնել սեփականը: Հենց սրա համար էլ TikTok-ը հաճախ կոչում են «կարաոկե-հավելված»: TikTok-ում միշտ երգ է, պար ու հումոր, և ամեն հոլովակ՝ վիրուսային դառնալու ու մեծ տարածում ունենալու շանսեր ունի:
Չնայած TikTok-ի (ՏիկՏոկ) օգտատերերը հիմնականում դեռահասներ են, սակայն այս միտումն աշխարհում, կարծես թե, փոխվում է. հավելվածի լսարանը մեծանում է՝ բառի բոլոր իմաստներով: TikTok-ը սկսել է գրավել «Одноклассники»-ի հնաբնակներին, Instagram և VK-ի նորեկներին:
TikTok-ի ալգորիթմը թույլ է տալիս տեսնել ոչ միայն պոպուլյար վիդեոները, այլ նաև նորեկների «առաջին քայլերը»: Այնպես որ, աստղային կարիերայի շանսեր այստեղ բոլորի համար էլ կան: Օրինակ՝ 16-ամյա Լենա և Լիզա Միլլերներն այստեղ 32 միլիոն հետևող ունեն: 32 ՄԻԼԻՈՆ:
Հնարավո՞ր է ՏիկՏոկ-ը (TikTok) օգտագործել մարքեթինգային նպատակներով
Եթե ձեր բիզնեսն իրոք հարմար է TikTok-ի (ՏիկՏոկ-ի) թիրախային լսարանին՝ դեռահասներին ներկայացնելուն և ունեք կրեատիվ ու տարբերվող մտքեր, ապա հանգիստ կարող եք համալրել միլիոնավար մարդկանց ցանկն ու միանալ այս հավելվածին: Նույնիսկ կարելի է Instagram-ի էջը կամ YouTube-ի ալիքը կցել ու ուղղորդել մարդկանց ձեզ մոտ:
Սակայն հաշվի առեք, որ TikTok-ում դեռ չկա թիրախավորված գովազդի հնարավորություն և չկան նաև մեր երկրում հավելվածն օգտագործողների մոտավոր թվերը: Չնայած՝ վերջին երկուսը միայն ժամանակի հարց են: Եթե TikTok-ն այս տեմպերով շարունակի աճել, թիրախավորված գովազդի հնարավորություն հաստատ կներդրվի: Հիշեն՛ք՝ Instagram-ում էլ առաջ ոչինչ գովազդել հնարավոր չէր: Բայց դա առաջ էր: