Google My Business-ը անվճար հարթակ է, ուր կարող եք ներկայացնել ձեր բիզնեսը և օգնել մարդկանց՝ հեշտությամբ գտնել ձեզ և ապահովել կապը ձեր ընկերության հետ:
***
Ընկերության մասին ընդլայնված ինֆորմացիայի ցուցադրում՝ Google-ի որոնման արդյունքներում (Google Search) և Google-ի քարտեզներում (Google Maps), և ամենը՝ անվճար. սա է Google My Business-ի գլխավոր հաղթաթուղթը:
Որոնողական հսկան, սակայն, ամեն ինչ մեր փոխարեն անել չի կարող: Կամ գոնե՝ առայժմ չի կարող: Նախաձեռնող եղեք, օգնեք Google-ին ու պատմեք ձեր մասին, իսկ մնացածը համակարգն ինքնուրույն էլ կանի:
Այս հոդվածում մենք կպատմենք, թե ինչպես է պետք «հաղորդակցվել» Google My Business-ի հետ և ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել, եթե ցանկանում եք ձեր բիզնեսը ներկայացնել այս կարևոր հարթակում:
Google My Business-ում ընկերության գրանցման համար պետք է այցելել այս հղումով (https://www.google.com/business/) և, հետևելով հրահանգներին, լրացնել ընկերության վերաբերյալ ինֆորմացիոն դաշտերը՝ սկսած ընկերության անվանումից:
Եթե բիզնեսի անվանումը շատ երկար չէ, կարող եք այն լրացնել 2 լեզվով, ասենք՝ հայերեն և անգլերեն կամ հայերեն և ռուսերեն՝ տարբեր լեզուներով որոնումների դեպքում այն հասանելի դարձելու նպատակով:
Դիտարկենք Google My Business-ի ինֆորմացիոն դաշտերը.
Ինֆորմացիայի տեղադրում/փոփոխում (Info)
Info-ն ամենահարուստ բաժիններից մեկն է, որի շնորհիվ կարելի է գրավել որոնողական համակարգի ուշադրությունը: Այս բաժինն առատ է ենթաբաժիններով:
«Գործունեության ոլորտներ» (Categories) ենթաբաժնում ազատորեն կարող եք նշել ձեր ընկերության գործունեության հիմնական տեսակները՝ ընտրելով ներկայացվող ցանկից. աչքի ընկնող տարածքում աչք շոյող Info է պետք: Կատեգորիաների ճիշտ ընտրությունը հնարավորություն կտա բարձրացնել որոնման արդյունքում տեսանելի լինելու հավանականությունը:
Հասցե (Address) ենթաբաժնում նշում ենք ընկերության հասցեն ինչպես տեքստային դաշտերի միջոցով, այնպես էլ հասցեի դիրքը նշում անելով Google Maps-ի վրա:
Առկա են նաև հետևյալ դաշտերը.
- Աշխատանքային օրեր և ժամեր
- Հեռախոսահամարներ
- Վեբ-կայք
- Հիմնադրման տարեթիվ:
Առանձին ուշադրության է արժանի «Ավելացնել ատրիբուտներ/հատկանիշներ» (Add attributes) ենթաբաժինը. կախված ընտրված գործունեության ոլորտներից, այստեղ կարելի է տեղադրել կարևոր մանրամասներ ձեր բիզնեսի մասին: Օրինակ՝ ռեստորանի դեպքում՝ խմիչքների, ուտեստների և մենյուի հետ կապված ինֆորմացիա կամ այլ տվյալներ:
Add business description-ի շնորհիվ կարելի է կարճ նկարագրել ու հակիրճ ներկայացնել ձեր գործունեությունը, առաջարկներն ու ծառայությունները:
«Ապրանքներ» (Products)՝ եթե ձեր բիզնեսն առաջարկում է ապրանքներ, ապա այս ենթաբաժնի միջոցով հնարավորություն կա ներկայացնել ընկերության առաջարկվող ողջ ապրանքատեսականին՝ անվանում, կատեգորիա, ապրանքի նկարագիր, նկար, գին դաշտերով:
Իսկ «Ֆոտոներ» (Photos) բաժինը հնարավորություն է տալիս նաև կցել ֆոտոներ և վիդեոներ՝ ասածն ավելի պատկերավոր դարձնելու համար: Ի վերջո՝ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան 100 անգամ կարդալ: Ընդ որում, առկա է նկարների դասակարգում ըստ տեսակների՝ ինտերիերի, էքստերիերի, պրոֆայլ, շապիկ-նկարներ, աշխատանքային նկարներ, թիմի նկարներ և այլն:
Հոգացե՛ք որակյալ լուսանկարների և թարմացվող ինֆորմացիայի մասին. չէ որ Google My Business-ը ձեր այցեքարտն է Google-ի մեծ ու հնարավորություններով լեցուն տարածքում:
Ինֆորմացիայի հաստատում
Ի դեպ՝ Google My Business-ում գրանցման դեպքում լրացված տվյալները անմիջապես չեն հրապարակվում: Ինֆորմացիան պետք է հաստատվի, որից հետո այն կհրապարակվի: Իսկ ինչպե՞ս է Google My Business-ում նոր տեղադրված ինֆորմացիան հաստատվում: Անհրաժեշտ ինֆորմացիան, այդ թվում հասցեն, լրացնելուց հետո պետք է ճշգրտման հայտ ուղարկել Google-ին: Դա նշանակում է, որ Google My Business-ում նշված հասցեով Google-ի կողմից ընկերությանն ուղարկվելու է տպագիր նամակ: Սովորաբար Հայաստանում Google-ի այս նամակները հասնում են մինչև 1 ամսվա ընթացքում: Նամակում առկա է ճշգրտման կոդ (հնգանիշ կամ վեցանիշ թիվ), որը պետք է մուտքագրել «Վավերացման սպասում» / Pending verification բաժնում: Ա՜յ դրանից հետո միայն, ինֆորմացիան համարվում է հաստատված: Իսկ քանի դեռ դուք Ձեր նշած հասցեով չեք ստացել գրավոր նամակն ու հաստատել, որ ձեր ինֆորմացիան ճիշտ է, Google Search-ում և Google Maps-ում ձեր տրամադրած ինֆորմացիան հասանելի չի լինի:
Հրապարակումներ (Posts)
Այո, Google My Business-ը կարելի է օգտագործել նաև հրապարակումներ անելու, նորություններով կիսվելու, բլոգի կամ կայքի հոդվածները տարածելու համար: Այն հնարավորություն է տալիս հրապարակմանը կցել լուսանկար և հղում, կիսվել սպասվող իրադարձությունների մասին ինֆորմացիայով, առաջարկներով:
Սա Google-ի` համեմատաբար վերջերս կատարած նորամուծությունն է, որով, հավանաբար, որոնողական հսկան ցանկացել է դառնալ տեղեկատուի և սոցցանցի յուրօրինակ հիբրիդ:
Հրապարակումները ցուցադրվում են Google-ի որոնման արդյունքում՝ ընկերության մասին տեղեկություններից ներքև՝ առավել ամբողջական դարձնելով բիզնեսի ինֆորմացիան:
Վիճակագրություն (Insights)
Շարքում հաջորդը Insights բաժինն է՝ իսկական նվեր որոնողական հսկայի կողմից. այստեղ կարելի է տեսնել, թե ինչ բառերով որոնումներն են մարդկանց բերել Google My Business-ի ձեր էջը: Insights-ը հնարավորություն է տալիս նաև պարզել՝ ձեր ընկերությունը գտել են հենց անունը փնտրելով, թե՞, օրինակ, առաջարկվող ծառայություններից մեկով:
Բաժնում պատկերավոր վիճակագրությամբ կարելի է տեսնել նաև՝ ընկերությունը գտել են Google Maps-ով, թե՞ Google որոնմամբ: Ռեստորանները, ժամանցի վայրերը սովորաբար ավելի շատ փնտրում են հենց Google Maps-ով. սա ևս մեկ ազդակ է՝ «քարտեզագրման աշխատանքները» ժամանակին անելու և Google Maps-ում տեղ ամրապնդելու համար:
Կարծիքներ (Reviews)
Այստեղ արդեն դաշտը լրացնելու հերթը հաճախորդներինն է: Ընկերության կամ ծառայության մասին ստացած տպավորությունների, սպասարկման ու պրոֆեսիոնալիզմի մասին հաճախորդները, սովորաբար, չեն ստում: Ցանկալի է պատասխանել մեկնաբանություններին՝ հաշվի առնելով մի քանի գործոններ.
- Դրանք տեսնում եք ոչ միայն դուք և այն գրողը, այլ նաև մյուս օգտատերերը. եղե՛ք քաղաքավարի և կոռեկտ:
- Ընդունեք ծառայության հետ կապված բողոքները, ուսումնասիրեք խնդիրը, առաջարկեք լուծումներ:
- Շնորհակալություն հայտնեք ոչ միայն դրական, այլ նաև բացասական մեկնաբանություններ անողներին և հիշե՛ք՝ եթե հաճախորդի համար Reviews բաժինը իր կարծիքը հայտնելու տարածք է, ապա ձեզ համար այն ավելի լավ աշխատելու ու նոր մտքերի անսպառ աղբյուր կարող է դառնալ:
Հաճախորդներից ստացած կարծիքները ոչ միայն բարձրացնելու են ձեր վարկանիշը Google-ում, այլ նաև օգնելու են առաջատար դիրքեր զբաղեցնել Google Maps-ում. կոմունիկատիվ լինելը գնահատում են և՛ մարդիկ, և՛ Google-ը:
Կայք Google-ից (Website)
Գուգլի միջոցով հնարավոր է ունենալ նաև կայք կամ ավելի ճիշտ՝ կայքի պարզագույն տարբերակ: Սա կարող է հարմար լինել փոքր ընկերություններին, անհատ-ձեռներեցներին, ովքեր առաջիկայում կայք ստեղծելու պլաններ չունեն, բայց կայք ունենալու ցանկություն ունեն:)
Կայքի հնարավորությունների մասին մյուս մանրամասները՝ այստեղ:
Էջի գովազդում Google-ում (Ad Express)
Պարզվում է, որ Google-ի ձեր ինֆորմացիան կարելի է նաև գովազդել AdWords Express-ի միջոցով:
Նշելով նպատակը, ստեղծելով գովազդային հայտարարությունը և սահմանելով օրական կամ ամսական գովազդային բյուջեն՝ դուք կարող եք գովազդել ձեր բիզնեսը Google-ի որոնման արդյունքներում և Google Maps-ում:
AdWords Express-ը հայտնի Google Ads (նախկինում՝ Google Adwords) գովազդային ծառայության պարզեցված տարբերակն է, որի նպատակն է ավելի հեշտացված գործիքների միջոցով կազմակերպել բիզնեսի գովազդային արշավը Google-ում, նույնիսկ այն դեպքում, եթե չունես սեփական կայք, այլ միայն գրանցված ես Google My Business-ում:
****
Ամփոփենք Google My Business-ի հիմնական հնարավորությունները` ամբողջական ինֆորմացիա ձեր բիզնեսի մասին՝ հասանելի Google-ի որոնման արդյունքում, հրապարակումներ, կարծիքներ հաճախորդներից, վիճակագրության դիտում, կայք Google-ից, նոր հաճախորդների ներգրավում գովազդի միջոցով:
Google My Business-ը անհրաժեշտ ինֆորմացիա կարող է փոխանցել ձեր ընկերության մասին և, ի տարբերություն հայկական տեղեկատուների, Google-ում գրանցումն ու տեղեկատվության փոփոխումն արվում են օնլայն ռեժիմով:
Ցանկացած պահի դուք կարող եք ավելացնել նոր ապրանքներ կամ ծառայություններ, հրապարակումներ, կցել դրանց ֆոտոներ և անհրաժեշտ մոդերացիա անցնելուց հետո, 1 րոպեից մինչև մի քանի ժամ, հասանելի դարձնել դրանք ձեզ փնտրողներին:
Google My Business-ի շնորհիվ ձեր բիզնեսի մասին ինֆորմացիան առավել մոտ է հաճախորդներին, քանի որ այն հասանելի է անմիջապես Google-ի որոնման արդյունքում՝ առանց լրացուցիչ քլիքների:
Google-ի ընձեռած այս անվճար գործիքից չօգտվելը կլինի մեծ միամտություն. չէ որ դա Google է, և չէ որ այն անվճար է: