Կայքը բիզնեսի դեմքն է համացանցում: Ընդ որում՝ դուք եք ընտրում՝ բիզնեսն ինչ դեմք ունենա ու ինչպես ներկայանա: Իսկ ձեր ընտրությունը շատ բան կարող է պատմել հենց բիզնեսի և դրա հանդեպ ձեր վերաբերմունքի մասին:
Ժամանակակից կայքերը գրավում են մարդկանց և նրանք ցանկանում են ավելին իմանալ ձեր բիզնեսի մասին: Վատ նախագծված կամ հնացած կայքը լրիվ հակառակ էֆեկտ կարող է ունենալ: Մենք այս անգամ որոշել ենք հեշտացնել ձեր բիզնեսի կյանքը՝ ցույց տալով, թե ինչպիսին են լինում հնացած կայքերը:
Կոնտենտից մինչև տեխնիկական տարրեր՝ այն մասին, թե ինչպես իմանալ արժե կայքը փոփոխել, թե ոչ:
Մարդուն զարմացնելու, հիացնելու համար պետք է գրեթե 50 միլիվայրկյան՝ 0,05 վայրկյան: Այդ միլիվայրկյանների ընթացքում էլ ձեր կայքը պիտի փորձի ոչ թե նյարդայնացնել, այլ հետաքրքրել:
Այցելուները պետք է փորձեն միանգամից հասկանալ՝ որտեղ են իրենք, ինչ ոլորտ է ներկայացնում կայքը և ուր է պետք քլիքել, որպեսզի կարդան հոդվածները կամ ծանոթանան պորտֆոլիոյին: Այստեղ կարևոր է գույնը, ինտերֆեյսը, գրաֆիկան, նույնիսկ` տառատեսակը:
1. Անորակ և անհամապատասխան լուսանկարներ
16 մեգապիքսելանոց տեսախցիկներով սմարթֆոնների դարում դժվար է որևէ մեկին զարմացնել, բայց եթե դուք հաջողացնում եք կայքում տեղադրել 156:200 չափի նկար, հնարավոր է դա ստացվի: Ցանկալի է, որ լուսանկարները հնարավորինս արտահայտեն կայքի բովանդակությունը, լինեն որակյալ և ճաշակով: Դրանք պետք է մոտ լինեն ձեր իրական բիզնեսին և հետաքրքրություն առաջացնեն: Արևելյան կամ աֆրիկյան արտաքինով գեղեցկուհիների աշխատանքային լուսանկարներ տեղադրել՝ միայն այն պատճառով, որ Google-ում առաջինը դրանք պատահեցին, առնվազն ճիշտ չէ: Լուսանկարը բիզնես գործունեության կամ տվյալ թեմայի վիզուալիզացիան է:
2. Կայքը չի արտահայտում բրենդի ներկայիս առաջարկները
Կայքը պետք է միշտ շատ աշխատունակ / գործող վիճակում լինի. կանոնը սա է: Եթե դուք ռեբրենդինգի եք ենթարկել ընկերությունը, փոփոխել ֆիրմային լոգոն կամ կարգախոսը, փոխել ֆիրմային գույները կամ առաջարկների ու ծառայության ոճը, թարմացրել կամ փոփոխել տեսականին, ապա պետք է հոգալ նաև կայքի մասին ու հարմարեցնել այն «նոր իրավիճակին» ու ֆիրմային ոճին: Պատկերացրեք, որ պոտենցիալ հաճախորդը կայքից է իմացել ձեր բիզնեսի մասին, որևէ ծառայություն կամ ապրանք պատվիրել ու ստացել ոչ այն տեսքով, որով ներկայացված է կայքում:
Դա վստահություն չի ներշնչի, իսկ յուրաքանչյուր նոր արդարացում ավելի կբարդացնի իրավիճակը:
3. «Աշխատում ենք 1997 թվականից»
Իհարկե հրաշալի է, որ ձեր բիզնեսն այդքան ստաբիլ է, վստահելի, իր ուրույն տեղն ունի շուկայում և դիմանում է մրցակցությանը, բայց, կայքը «ծննդյան օրից» նույն դրությամբ թողնելն այն կթուլացնի. չեք կարող ավելացնել նոր ու տարբերվող հրապարակումներ՝ դրանց կցվող բաղադրիչներով՝ գիֆ, քուիզ, վիդեոներ և այլն:
Անկեղծ լինենք՝ կայքերի նախահայրերը, այնքան էլ գեղեցիկ ու պրակտիկ չէին:
3. Ոչ ակտուալ ինֆորմացիա, հին կոնտակտներ
KoMarketing հետազոտության համաձայն՝ կայքերի այցելուների 86%-ը փնտրում են ինֆորմացիա պրոդուկտի կամ ծառայության մասին և 65%-ը ցանկանում են կայքում տեսնել կոնտակտային տվյալներ: Սա պոտենցիալ հաճախորդների շատ մեծ թիվ է իրականում: Եվ դուք նրանց բոլորին ապատեղեկատվություն եք տալիս՝ հին ինֆորմացիա և կոնտակտային տվյալներ: Եթե կոնտենտը չի թարմացվում, հաճախորդն այդպես էլ կմնա պոտենցիալ: Վստահաբար տեսել եք կայքեր, որտեղ նորությունների բաժնում քլիք անելուց հետո հայտնվել է ընդամենը 4 նորություն՝ արդեն հեռավոր 2015-ից: Այդ ինֆորմացիան կարող է նաև հավաստի լինել, խնդիրը սա չէ, այլ այն, որ հավաստի ինֆորմացիան էլ է հնանում:
Ընդհանրապես կոնտենտի ակտուալությունը թերագնահատել չի կարելի. այն փնտրում են ոչ միայն հաճախորդները, այլ նաև որոնողական համակարգերը: Այսպիսով՝ դուք պետք է կայքում թարմացում անեք նաև այն ժամանակ, երբ փոխել եք օֆիսային տարածքի հասցեն կամ թողարկել նոր պրոդուկտ:
4. Հին կոնտենտ
Չկա ոչ մի դասագիրք, որտեղ ձեզ կհուշեն, թե ինչ հաճախականությամբ է պետք թարմացնել կայքի կոնտենտը կամ բուն կայքը: Կայքերից մեկը կարող է փոփոխվել երեք ամիսը մեկ, մյուսը՝ տարին: Սրան պետք է մոտենալ, ինչպես ավտոմեքենային. դրանք ևս պահանջում են ստուգումներ, փորձարկումներ ու կարգավորումներ, երբ կա դրա կարիքը և երբ պարզապես ցանկանում եք փոփոխություն:
Թարմ կոնտենտը ոչ միայն հետաքրքրում է այցելուներին և ուշադրություն գրավում, այլ նաև կայքը վեր հանում որոնողական համակարգերի էջերում:
5. Անորոշ տեքստ, որը չի դրդում գործողության
Տեքստը պետք է ստիպի մարդկանց մնալ այդ կայքում և դիմել ընկերության առաջխաղացմանը նպաստող գործողության՝ զանգին, հարցում կատարելուն, գնումի: Պատմե՛ք ընկերության գործունեության ոլորտի մասին, ասացեք, թե ինչով կարող եք օգնել այցելուին և ցույց տվեք ձեր առանձնահատկություններն ու առավելությունները:
Դրա համար էլ պետք է համոզվել, որ ձեր կայքի «հյուրասենյակը»՝ առաջին էջը, բավականաչափ տրամադրող է այցելուների համար. չէ որ ձեր կայքը պետք է արդյունք բերի՝ այցելու ունենա, պոտենցիալ հաճախորդների գրավի և վաճառքներ գեներացնի կամ դրան նպաստի: Հենց դրա համար է, որ հաճախորդներին պետք է հուշել, թե ինչպես վարվեն:
Գործողության դրդող ուղիղ կոչերից մի՛ վախեցեք, բայց և համոզվեք, որ դրանք ուշադրություն են գրավում, ագրեսիվ ու պարտադրող չեն: Նկարագրեք խնդիրը, դրա լուծումն ու երաշխավորեք արդյունք:
6. Չկա մոբայլ տարբերակ
Վիճակագրության համաձայն՝ մոբայլ սարքերից օգտվում են 5,135 միլիարդ մարդ, 4 %-ով ավել քան 2017-ին, և այս թիվը դեռ շարունակում է աճել: Մեկ այլ տվյալով՝ ինտերնետ օգտագործողների կեսից ավելին՝ 52,64 %-ն օգտվում է մոբայլ սարքերից:
Ադապտացված կայք պատրաստելով մենք ավելի շատ այցելու ենք կողմնորոշելու դեպի մեզ. մոբայլ ադապտացված կայքերն ավելի պահանջված են ու կիրառելի: Դրա հետ մեկտեղ Google-ը հիմա նախ ինդեքսավորում է կայքն այն տեսքով և հնարավորություններով, որ երևում է մոբայլ տարբերակով մուտք գործելիս և «պատժում» հնությունների սիրահարներին:
Եթե ցանկանում եք ստուգել՝ հարմարեցված է արդյոք ձեր կայքը մոբայլ տարբերակով օգտվող այցելուների համար՝ անհրաժեշտ է անցնել այս հղումով:
7. Կայքը բեռնվում է երկար
Բոլորիս էլ նյարդայինացնում է դանդաղ բեռնվող կայքը: Այցելուները չեն սիրում սպասել, սպասել չեն սիրում նույնիսկ այն դեպքում, երբ գտնելու են իրենց փնտրած ինֆորմացիան:
Kissmetrics-ի համաձայն՝ նույնիսկ մեկ վայրկյանոնց հապաղումը կարող է 7% կրճատել կոնվերսիան: Կարող եք նայել ինֆոգրաֆիկան ու համոզվել, որ օգտատերերի 25 %-ը դուրս են եկել էջից բեռնման առաջին 4 վայրկյանի ընթացքում:
Կարծում ե՞ք ձեր կայքն արագ է բեռնվում: Ստուգե՛ք այստեղ:
8. Սխալ կամ գոյություն չունեցող էջեր
«Error 404: էջը չի գտնվել». սա հայտնվում է այն դեպքում, երբ ձեր կայքի կամ էջերի հղումներն են փոխվում, տեղափոխվում կամ պարզապես ջնջվում:
Սա ոչ միայն հիասթափեցնում է կայքի այցելուին, այլ նաև իջեցնում ձեր վարկանիշը ամենաայցելվողների ցանկում:
«Մեռած հղումների» առկայությունը կարելի է ստուգել այստեղ:
9.Դուք չեք երևում որոնողական համակարգերին
Տասնյակ պատճառներ կան, թե ինչու ձեզ չեն տեսնում որոնողական կայքերը: Հնարավոր է՝ կայքն օպտիմիզացված չէ համապատասխան թեգերով, հնարավոր է գեոլոկացիան է սխալ կամ ոչ ամբողջական կամ լրացված թեգերն ու բանալի բառերը խնդիր ունեն:
Ամեն դեպքում դուք այցելու ու պոտենցիալ հաճախորդ եք կորցնում միայն այն պատճառով, որ մոռանում եք SEO-ի մասին:
Ի դեպ, բոլորովին պարտադիր չէ ընտել կայքերի պատրաստման գերժամանակակից տարբերակները, որոնք տեսանելի են միայն բրաուզերների ամենավերջին տարբերակներին: Եթե Googlebot-ը չի կարողանում լիարժեքորեն սքանավորել և ինդեքսավորել այդ ռեսուրսը, ապա դա վատ կանդրադառնա նաև որոնման ժամանակ: Այս մասին վերջերս խոսել է նաև Google-ի աշխատակից Ջոն Մյուլլերը:
10. Ձեր կայքում դեռ կան Flash տարրեր
Հիշում ենք՝ Adobe Flash ծրագրային ապահովման մասին, որը շատ պոպուլյար էր սև SEO-ի ժամանակներում՝ անիմացիա, վիդեո, կայքի խաղ թողարկելու համար:
Անարդյունավետության պատճառով Flash-ն արդեն չի ադապտացվում նորագույն մոբայլ սարքավորումներին, իսկ հիմնական բրաուզերներ առհասարակ հրաժարվում են նրանից:
Apple-ն օրինակ՝ առաջին ընկերություններից էր, որ հեռացրեց Flash-ին: Ջոբսը դեռ 2010-ին էր մի նամակ գրել, որտեղ նշում էր, որ iPhone-ը, IPad-ը չեն աշխատի Flash-ով: Ժամանակակից կայքերն ավելի հաճախ օգտագործում են HTML 5-ը կամ այլ ծրագրային համակարգեր, որոնք կախված չեն Flash-ի հեղինակ Adobe-ից:
Հետևություն: Եթե դեռ կայքում ունեք Flash-ի տարրեր, ժամանակ գտեք և փոփոխություններ արեք: Ստուգելու համար՝ անցնել հղումով:
Եթե կարծում եք, որ այս հոդվածը նաև ձեր կայքի մասին է, ապա մենք պատրաստ ենք օգնել՝ նոր, արագագործ, ժամանակակից կայքի պատրաստման հարցում: