Ապրանքները ներկայացնելու և գովազդելու համար այսօր օգնության են հասնում սոցցանցերը, սակայն դրանք էլ պետք է խելամիտ և նպատակային կիրառել:
Վաճառքի հաջողության գաղտնիքներից մեկը, օրինակ, գրավիչ ու գրագետ արված լուսանկարներն են: Իրականում այնքան էլ դժվար չէ ստանալ այդպիսի պատկերներ: Այս խորհուրդներն օգտակար կլինեն սոցցանցերի հնարավորությունները օգտագործել նախընտրողների համար:
1. Պարզե՛ք, թե որ անկյունից է ապրանքն ավելի արժեքավոր երևում:
Ապրանքը պետք է նկարել այն կողմից, որտեղից ավելի շատ բնութագրեր են բացահայտվում՝ չափը, ծավալը, դիզայնի առանձնահատկությունները և գեղագիտական այլ մանրամասներ: Օրինակ՝ բարակ կրունկով կոշիկը նախընտրելի է նկարել կողքից: Առավել մեծ ջանք է պահանջվում ապրանքը տարբեր անկյուններից մեկ նկարում ցուցադրելու համար:
2. Հետևե՛ք 3 գույնի կանոնին
Ընտրե՛ք երեք երանգ, որոնք ներդաշնակություն են ստեղծում: Եվ ցանկալի է, որ դրանք լինեն 4:2:1 հարաբերակցությամբ:
3. Մի՛ խառնեք կադրում հիմնականն ու երկրորդականը
Երբ կադրում մեծ տեղ են զբաղեցնում երկրորդական տարրերը, դժվար է լինում հասկանալ, թե ինչն է վաճառվում:
4. Դադարե՛ք անհանգստանալ սարքավորումների մասին
Սմարթֆոնների տեխնիկական հնարավորությունների պայմաններում հարկ չկա մտահոգվել հզոր տեսախցիկ կամ ընդհանրապես տեսախցիկ չունենալու պատճառով: Շատերն այսօր օգտագործում են հեռախոսները՝ տպավորիչ լուսանկարներ ստանալու համար:
5. Հետին պլանը շատ կարևոր է
Գրավիչ չեն ապրանքների՝ տան միջավայրում արված նկարները (երբ հետին պլանում պաստառներ են, պատուհաններ, վարագույրներ և այլն): Սալիկի նման փայլուն և հարթ մակերեսների կիրառությունը նախընտրելի չէ, նույնիսկ եթե դրանք մարմարի տեսքն ունեն: Անփորձների համար դժվար է դրանց հետ աշխատելը. նրանք ստեղծում են ցոլքեր, որոնցից ազատվելը դժվար է:
Խուսափե՛ք սպիտակ և վառ նկարներով ֆոնից: Սպիտակը դատարկ է թվում, իսկ վառը կարող է փչացնել նկարը: Նախապատվությունը ցանկալի է տալ մինիմալիզմին, չեզոք գույներին: Ժամանակի ընթացքում դուք «կընկերանաք» վառ պատկերների հետ և կսովորեք ընտրել համապատասխանը:
6. Հիմնական առարկան ընդգծե՛ք համամասնություններով և առաջին ու հետին պլաններով
Նկարի գլխավոր տարրը, որպես կանոն, այսպես ասած, ավելի մեծ կարգավիճակ պետք է ունենա, քան մյուսները: Կադրում խուսափե՛ք ներառել նույն չափի առարկաներ, եթե դրանցից մեկն ավելի կարևոր է: Ավելի խոշոր առարկաները հիմնականի կողքին լավ տեսք ունենս, եթե հետին պլանում են դրվում: Մեծ առարկաները ուշադրություն են գրավում, եթե շատ մոտ են լինում հիմնական տարրին:
7. Կադրում երեքից ավելի առարկա մի՛ ներառեք
Մեկ նկարում ապրանքների առատությունը զբաղեցնում է ամբողջ տարածությունը և նվազեցնում հիմնական առարկայի իմաստը: Նման դեպքերում կոմպոզիա ստեղծելը գրեթե անհնար է, գնորդն էլ դժվարանում է կողմնորոշվել, թե ինչին նայի: Անհրաժեշտ է իրարից մի քիչ հեռու և տարբեր պլաններում դնել առարկաները:
8. Ապրանքը նկարե՛ք այն դիրքում, որով տեսնում եք կյանքում
Նկարը պետք է հասկանալի և սովորական լինի դիտողի համար: Եթե ապրանքը սովորաբար օգտագործվում է ուղղահայաց դիրքով, ապա չարժե այն «պառկած» դիրքով նկարել: Հարթ առարկաներն էլ վերևից ավելի ներդաշնակ են թվում, և իմաստ գրեթե չկա դրանք «կանգնեցնելու»: Օրինակ՝ օծանելիքի շիշը չարժե հորիզոնական դիրքով նկարել:
9. Նկարե՛ք ցերեկը
Սենյակային լամպերի լույսի ներքո արված նկարները գորշ կամ դեղին են լինում, իսկ դա ուղղելը գրեթե անհնար է: Բացառություն են lightbox-ում արված լուսանկարները. այդ դեպքում լույսը բավականին մաքուր է լինում և հավասարաչափ տարածված:
Ցանկալի է հրաժարվել լուսարձակից (вспышка). այն կլանում է գույնը և նկարից ծավալ է «խլում»: Ցերեկը նկարե՛ք պատուհանի կողմից, որպեսզի լույսը առարկայի վրա ընկնի կողքից, իսկ եթե ուզում եք մեղմել մուգ ստվերները, հակառակ կողմում տեղադրե՛ք անդրադարձիչ:
Աղբյուրը՝
https://texterra.ru/blog/prostye-sovety-kak-samomu-sdelat-foto-dlya-instagram-magazina.html