2016-ը մոտենում է ավարտին: Ուսումնասիրելով որոնողական համակարգերից առաջատարի՝ Google-ի որոնման ալգորիթմների նորությունները, թարմացումները, կարող ենք 2 կարևոր ամփոփումներ կատարել.
- Google-ը շարժվում է դեպի “Mobile” աշխարհ, որտեղ որոնման արդյունքի ձևավորման համար շատ կարևոր է դառնում կայքի տեսքի և բովանդակության հարմարեցումը բջջային սարքերին:
- Մեքենայական խորքային ուսուցումը (Deep learning) կիրառվում է Google-ի որոնման գրեթե բոլոր ասպարեզներում: Հիմա Google-ը ոչ միայն որոշում է որոնման տեքստի բառերի համընկնումը էջի բանալի բառերին, այլ արդեն սկսում է հասկանալ էջի բովանդակության իմաստը: Արդյունքում որոնման արդյունքը դարձել է առավել անհատականացված և որակյալ:
Խոսենք վերոնշյալ 2 թեմաների մասին առավել մանրամասն և տեսնենք, թե նոր իրականությունում ի՞նչ քայլեր պետք է կատարել կայքերի որոնողական օպտիմալացման տեսանկյունից:
“Mobile” աշխարհ. Mobile-first ինդեքսավորումն առաջին քայլն է
2016-ի նոյեմբերին Google-ը հայտարարեց Mobile-first ինդեքսավորման տեստավորման մասին:
Ի՞նչ է Mobile-first ինդեքսավորումը.
Նախկինում Google-ը բջջային որոնման արդյունքի ձևավորման համար վերլուծում էր կայքի հիմնական (համակարգչային՝ desktop) տարբերակի բովանդակությունը և կայքը փոքր էկրաններով դիտելու պիտանելիության աստիճանը:
Այժմ՝ Mobile-first ինդեքսավորման դեպքում Google-ը վերլուծելու է (ինդեքսավորելու է) կայքն այն տեսքով և բովանդակությամբ, որով կդիտեն բջջային սարքերի օգտվողները: Վերլուծության արդյունքում ստացված տվյալները կօգտագործվեն ձևավորելու որոնման արդյունքը՝ ինչպես բջջային սարքերի, այնպես էլ համակարգիչների համար:
Google-ը դա հիմնավորել է այն փաստով, որ բջջային սարքերից կատարված որոնումների քանակն այս տարի գերազանցել է համակարգիչներից որոնումների քանակին, այսինքն աշխարհում մարդիկ Google-որոնում կատարում են ավելի շատ սմարթֆոններից և պլանշետներից, քան համակարգիչներից:
Եվ ի՞նչ:
Անհրաժեշտ է կայքերն ադապտացնել բջջային սարքերի էկրաններին, եթե մինչև հիմա դա արված չէ:
Google-ը կայքերի բջջային ադապտացման համար խորհուրդ է տալիս կիրառել Responsive design:
Ի՞նչ է Responsive design-ը:
Responsive design-ի դեպքում կայքում (էջերում) պետք է լինի՝
- միանման արտաքին տեսք. բոլոր օգտվողները, անկախ սարքից (համակարգիչ, պլանշետ, սմարթֆոն) և ինտերնետ-դիտարկչից, Էջում պետք է տեսնեն միևնույն էլեմենտները (տեքստը, նկարները, այլ վիզուալ էլեմենտներ): Էջի էլեմենտների չափերը «ճկուն» են և հարմարեցվում են օգտվողի էկրանի չափերին՝ ապահովելով հարմարավետ ընթեռնելիություն:
- Միևնույն ինֆորմացիայի ցուցադրում բոլոր սարքերի օգտվողների համար: Էջում չպետք է լինի որևէ տեքստ կամ նկար, կամ այլ վիզուալ էլեմենտ, որը ցուցադրվի համակարգչային-տարբերակում, սակայն չլինի բջջային-տարբերակում:
- Միևնույն վեբ-հասցեի (URL) առկայություն: Դա օգտակար է նաև SEO-օպտիմիզացիայի տեսանկյունից:
Responsive design-ի առկայությունը նաև առավելություն է Google-ի որոնման արդյունքի դասակարգման տեսանկյունից (տե՛ս այստեղ):
Մեքենայական խորքային ուսուցում (Deep learning) և բանալի բառերի օգտագործում
Մեքենայական խորքային ուսուցումը (Deep learning) արդեն լայնորեն կիրառվում է որոնողական համակարգերի, առաջին հերթին՝ Google-ի կողմից: Դա արդեն հանգեցրել է նրան, որ որոնողական համակարգը սովորում է հասկանալ էջի բովանդակության իմաստը, այլ ոչ թե որոշում է միայն բառերի համընկման համապատասխանությունը: Google-ի մոտ դա արդեն հայերենով էլ է ստացվում՝
Searchmetrics ընկերությունը, դեռ 2014-ից սկսած, նկատել է շատ փոքր համապատասխանություն էջերում բանալի բառերի (title, description, keywords) օգտագործման և որոնման արդյունքում իրենց զբաղեցրած դիրքերի միջև: Ինտերնետ-մարքեթինգի հեռատես մասնագետներն այսօր արդեն մերժում են կայքն օպտիմիզացնել միայն որոնողական հարցումներին համապատասխան և առաջարկում են նաև կայքում տեղադրել օգտվողի տվյալ հարցմանը բավարարող օգտակար, սպառիչ ինֆորմացիա (օրինակ՝ պրոդուկտի նկարագրության, հոդվածի, նորության, բլոգի հրապարակումների տեսքով):
Հիմա արդեն պետք է մոռանալ էջերի title, description դաշտերում բանալի բառեր գրելը չարաշահելու, դրանք ինչ-որ քանակությամբ կրկնելու, բանալի բառերի իմաստին մոտ բառերով արհեստական էջեր ստեղծելու և այլ մանիպուլյացիոն գործողություններ կատարելու պրակտիկայի մասին:
Դա չի նշանակում, որ էջերի բանալի բառերը պետք է գրել «ոնց պատահի»: Դա նշանակում է, որ էջերի բանալի բառերը պետք է գրել «մարդկային ձևով»՝ ինչպես գրում ենք մարդկանց համար: SEO-ական վերնագրերը՝ ճշգրիտ համընկմամբ, այլևս առավելություն չեն տալիս որոնողական համակարգերում (Google, Yandex) բարձր դիրքեր զբաղեցնելու տեսանկյունից: Մյուս կողմից՝ մարդկանց դուր է գալիս հրապարակումների բնական, «մարդկային» վերնագրերը:
Ինչպե՞ս աշխատել նոր իրականությունում
Դարձրե՛ք Ձեր կայքը Responsive design-ով և ստեղծե՛ք օգտակար, ինֆորմատիվ բովանդակություն ինտերնետ-օգտվողների համար՝ առանց նայելու որոնողական համակարգերի ալգորիթմներին:
Google-ի, Yandex-ի գործող և ապագա բոլոր ալգորիթմները լուծում են մեկ գլխավոր հարց՝ հասկանալ օգտվողի հարցը (հարցի իմաստը) և տրամադրել այդ հարցման լավագույն պատասխանը(ները):
Դուք ունենք առավելություն ալգորիթմների (ծրագրերի) նկատմամբ՝ դուք հասկանում եք Ձեր աուդիտորիային և կարող եք բավարարել իրենց ինֆորմացիոն կարիքները: Իսկ որոնման ալգորիթմների կատարելագործումը միշտ կլինի Ձեր օգտին: