Եթե դուք դեռ չեք լսել Կոնտենտ-մարքեթինգի մասին, ապա հիշեք այն, և առաջիններից իմացեք դրա մասին: Հնարավոր է, դուք արդեն կիրառում եք այդ տեխնոլոգիան՝ նույնիսկ չիմանալով այդ մասին: Եթե ոչ, կսկսեք շատ շուտով այն կիրառել Ձեր ընկերության համար: Արևմտյան վերլուծաբանները խոսում են վերջին տարիներին ինտերնետ-մարքեթինգի այս ուղղության կտրուկ վերելքի մասին:
«Կոնտենտ-մարքեթինգ» հասկացությունը (անգլ.՝ Content Marketing – Բովանդակության մարքեթինգ), որպես ինտերնետ-մարկետինգի առանձին ուղղություն, սկսվեց կիրառվել արևմտյան շուկաներում 2009-ին, և ինչպես գրեթե ցանկացած մարքեթինգային նորամուծություն, սկզբից՝ ԱՄՆ-ում, հետո՝ Եվրոպայում: Ռուսաստանում այն սկսեց կիրառվել 2011-ին, իսկ Հայաստանում Կոնտենտ-մարքեթինգի մասին սկսեցին խոսել 2016-ին:
Եվ այսպես, ի՞նչ է Կոնտենտ-մարքեթինգը.
Կոնտենտ-մարքեթինգը՝ դա նպատակային լսարանի համար օգտակար, արժեքավոր ինֆորմացիայի ստեղծման և տարածման հետ կապված մարքեթինգային գործողություններն են, որոնց նպատակն է գրավել օգտվողների ուշադրությունը, ձեռք բերել վստահություն և խթանել կատարելու կոմերցիոն քայլ՝ զանգ, հարցում և այլն:
Եթե ավելի պարզ՝ պրոդուկտը (ապրանքը, ծառայությունը) գովազդելու փոխարեն, ընկերությունը պատրաստում է պրոդուկտի մասին այնպիսի ինֆորմացիա, որն իր պոտենցիալ հաճախորդին կդարձնի առավել տեղեկացված և իրազեկ, կարելի է ասել՝ կդարձնի այդ պրոդուկտի գիտակ:
Դրա հիմքում ընկած է այն համոզմունքը, որ եթե մենք օգնենք մեր պոտենցիալ հաճախորդին իմանալ ավելի շատ բան պրոդուկտի մասին, սովորեցնենք ինչպես օգտվել, հայտնենք, թե ինչ խնդիրներ է լուծում, ապա նա կդառնա ավելի լոյալ: Պոտենցիալ հաճախորդը կվստահի մեզ և կվճարի մեզ. ամենաքիչը՝ շնորհակալությամբ և ուշադրությամբ, և իհարկե գումարով, եթե իրեն իրոք անհրաժեշտ է այդ պրոդուկտը:
Բերենք օրինակ. Ձեր ընկերությունն առաջարկում է որևէ ապրանք, որն ունի մրցակցային առավելություններ շուկայում գործող այլ ապրանքների նկատմամբ: Ձեր կայքը հեղեղված է այդ ապրանքը գնելու տարբեր կոչերով: Կոնտենտ-մարքեթինգի տեխնոլոգիան արմատապես տարբերվում է դրանից: Դուք ստեղծում եք «Ինչու՞ գնել հենց մեր ապրանքը» թեմայով վերլուծություն և համեմատում եք շուկայում առկա ապրանքները: Տալիս եք սպառողին ինքնուրույն կատարել ընտրություն՝ որ ապրանքը ընտրել, և այդ ընտրությունը պետք է լինի Ձեր օգտին: Չէ որ Ձեր ապրանքն իսկապես ունի առավելություններ: Եվ այդպիսի վերլուծություններ, հոդվածներ, վիդեոներ պետք է շատ լինեն. պետք է դրանք լինեն բոլոր առաջարկվող պրոդուկտների համար:
Ընդհանուր առմամբ, բովանդակություն ներկայացնելու նպատակն է՝
- ինֆորմացնել օգտվողներին տվյալ ոլորտի իրավիճակի, իրադարձությունների և նորությունների մասին
- ներկայացնել շուկայի տվյալ սեգմենտում առկա խնդիրները և խնդիրների լուծման ուղիները
- տեղեկացնել, թե ինչպես են Ձեր ընկերության պրոդուկտները օգնում լուծել վերոնշյալ խնդիրները
- Ինչու Ձեր ապրանքը/ծառայությունը լավագույնն է կամ ունի որոշակի առավելություններ. ներկայացնել շուկայում առկա պրոդուկտների համեմատում
Ինչու «ստեղծվեց» Կոնտենտ-մարքեթինգը
Կոնտենտ-մարքեթինգը էվոլյուցիոն առումով հաջորդում է «հին ու բարի» որոնողական առաջխաղացմանը, իսկ մյուս կողմից այն մրցակից է գովազդին: Իսկ ինչու՞ ընդհանրապես անհրաժեշտություն առաջացավ ստեղծել մարքեթինգի նոր ուղղություն՝ Կոնտենտ-մարքեթինգ.
- մարդկանց պետք է ոչ թե ապրանքների, ծառայությունների ընդհանուր և պարզունակ ներկայացում, իրար միջև համեմատում, այլ առավելությունների, առանձնահատկությունների մասին իրական և սպառիչ ինֆորմացիա, որին վստահեն և որի հիման վրա ինքնուրույն գնման որոշումներ կայացնեն:
- Որոնողական առաջխաղացման նպատակով կայքի էջերում բանալի բառեր «խցկելու» և մասսայական վեբ-հղումներ գնելու այդ արհեստական սխեման չի գործում: Որոնման համակարգերը դարձել են ավելի խելացի և արդեն «ջոկում» են կոպիտ SEO-հնարքները, որոնց նպատակն է ոչ թե օգտվողներին տրամադրել իրական օգտակար ինֆորմացիա, այլ մանիպուլյացիայի ենթարկել որոնման արդյունքները:
- Գովազդը հիմա այնպես չի աշխատում, ինչպես առաջ էր: Հիմնական պատճառը՝ գովազդը այնքան շատ է և ամենուր, որ մարդիկ սովորել են այդ «աղմուկին» և կարողանում են դրան չենթարկվել:
Ինչից սկսել
Կոնտենտ-մարքեթինգի հիմնական զենքը ինֆորմացիան է: Բայց, կարևոր հավելում՝ որակյալ ինֆորմացիան:
Առաջին և կարևոր խնդիրը, որը պետք է լուծել՝ համալրել կայքը օգտակար բովանդակությամբ: Բայց նկատեք, ոչ թե մեկ անգամ տեղադրել և վերջ, այլ՝ մշտապես համալրել: Եթե դուք բռնում եք Կոնտենտ-մարքեթինգի ուղին, ապա հետադարձ ճանապարհ չպետք է լինի:
Բովանդակությունը կարող է լինել ամենատարբեր ֆորմատով՝
- Հոդվածներ
- Նորություններ
- Ֆոտոնյութեր
- Ինֆոգրաֆիկա
- Տեսանյութեր
- Վեբինարներ
- Հարցազրույցներ
- Թեմատիկ վերլուծություններ
- Սոց. հարցումների արդյունքներ
- Աուդիո-ձայնագրություններ
- այլ
Երկրորդ քայլը՝ ընտրեք ինֆորմացիայի տեղադրման ճիշտ հարթակներ և գրագետ կերպով մտածեք դրանց տարածման ուղիների մասին:
Առանձնացնում ենք բովանդակության տարածման հետևյալ ուղիները՝
- Սեփական բլոգի վարում
- Սոց. ցանցեր. ընկերության էջի և սեփական թեմատիկ խմբերի վարում, այլ խմբերի օգտագործում Ձեր ինֆորմացիայի տարածման նպատակով
- Թեմատիկ այլ կայքեր
- Էլ. փոստ-մարքեթինգ. թեմատիկ էլ. նամակների պարբերական առաքումներ բաժանորդներին
- հասանելիություն որոնման համակարգերում՝ փնտրման արդյունքում կայքի բարձր դիրքերի ապահովում
Համալրեք կայքը անհրաժեշտ օգտակար ինֆորմացիայով, տեղադրեք հոդվածներ կորպորատիվ բլոգում, գնացեք սոց. ցանցեր և նպատակ դրեք բարձրացնել բրենդի ճանաչելիությունը և ամրապնդել թիրախային լսարանի լոյալությունը Ձեր ընկերության նկատմամբ: Եվ չափագրեք արդյունքները. տեսե՛ք, որ ուղիներից են առավել շատ գալիս Ձեր այցելուները և ըստ արդյունքների՝ լրամշակեք, օպտիմալացրեք Կոնտենտ-մարքեթինգի Ձեր ռազմավարությունը:
Կոնտենտ-մարքեթինգի առավելությունները
- Բրենդի առաջխաղացման համար պահանջվում է ավելի քիչ բյուջե, քան գովազդի ավանդական միջոցները
- Կայքում ավելանում է որոնողական տրաֆիկը տեղադրվող նյութերի ավելացման հաշվին. չէ որ Կոնտենտ-մարքեթինգը նախատեսում է կայքի նյութերի մշտական ավելացում, հետևաբար ավելանում է առաջմղվող հարցումների և կայքի վրա հղումների քանակը
- Բարելավում են դիրքերը որոնման համակարգերում. նրանց դուր են գալիս «բնական» հղումները
- Ամրապնդվում է Ձեր ընկերության, բրենդի հեղինակությունը. որակյալ բովանդակության ստեղծումը Ձեզ դարձնում է էքսպերտ (փորձագետ) հաճախորդների աչքի առաջ
- Կոնտենտ-մարքեթինգը՝ դա բնական է: Դուք մանիպուլյացիայի չեք ենթարկում որոնման համակարգերին՝ բարձր դիրքեր զբաղեցնելու համար: Դա նշանակում է՝ երկարատև հեռանկարում դա հենց այն է, ինչ պահանջված կլինի որոնման համակարգերի կողմից՝ իրենց առավել կատարելագործված ալգորիթմների շնորհիվ:
Ինչպես տեսնում եք, միայն պլյուսներ են:
Կոնտենտ-մարքեթինգը ստեղծում է վստահություն, հեղինակություն, որոնք, իրենց հերթին վերացնում են հաճախորդի «դիմադրությունը»:
Արժեքավոր ինֆորմացիան իրենից ներկայացնում է առավելությունների նկարագրություն, որոնք հաճախորդը կստանա տվյալ ապրանքից կամ ծառայությունից:
Կոնտենտը հաղթում է ինտերնետում. չէ որ մարդիկ փնտրում են ինֆորմացիա, որը տալիս է Կոնտենտ-մարքեթինգը, և որը կարող է լուծել իրենց խնդիրները:
Որովհետև Կոնտենտ-մարքեթինգը աշխատում է
Կոնտենտ-մարքեթինգն առավել արդյունավետ է այն պայմաններում, երբ սովորական մարդը օրական ստանում է տասնյակ, կներեք՝ հարյուրավոր գովազդային «մեսիջներ», և որոնց նա չի կարող այդքան ժամանակ և էներգիա հատկացնել: Կոնտենտ-մարքեթինգը ստիպում է մարդուն կանգ առնել, ընթերցել կամ դիտել, վերլուծության համար ինֆորմացիա ստանալ և նոր միայն գնման որոշում կատարել:
Գովազդը, իր ընդունված հասկացողությամբ՝ դա աշխույժ, ինչու ոչ՝ «ագրեսիվ մեսիջ» է, առանց օգտվողի հետ երկկողմանի կապի: Գովազդը պարտադրում է, ոչ թե պատմում:
Ինչ վերաբերում է Կոնտենտ-մարքեթինգին, ապա նրա առաջին նպատակն է՝ ձևավորել վստահելի հարաբերություն հաճախորդի հետ: Որպեսզի մարդիկ իմանան Ձեր ընկերության մասին և վստահեն Ձեզ այնքան, որ բիզնես անեն Ձեր ընկերության հետ կամ ընտրեն հենց Ձեր ապրանքը կամ ծառայությունը:
Ամբողջ աշխարհում Կոնտենտ-մարքեթինգը կիրառում են և տրանսազգային հսկա ընկերությունները, և փոքր ու միջին ընկերությունները և նույնիսկ միայնակ-գործարարները:
Միակ պատճառը, որ դա անում են, այն է` Կոնտենտ-մարքեթինգը աշխատում է:
Եթե դուք հետաքրքրվում եք Կոնտենտ-մարքեթինգով՝ մարքեթինգային էվոլյուցիայի այս նոր ճյուղով, մենք կարող ենք Ձեզ օգնել կառուցել արդյունավետ բիզնես-ռազմավարություն՝ նոր հաճախորդների ներգրավման նպատակով:
Շտապեք, քանի որ շատ շուտով կարելի է ասել՝ եթե դուք չեք զբաղվում Կոնտենտ-մարքեթինգով, ուրեմն դուք չեք զբաղվում Ինտերնետ-մարքեթինգով ընդհանրապես: