Ինչպե՞ս ավելացնել ընկերության կայքի այցելուների թիվը, եթե դուք չեք գրում սխտորով քաղցկեղ բուժելու մասին:
Պատվիրել եք կայք, դրա համար ծախսել եք թանկարժեք ժամանակ, ռեսուրսներ, այն արդեն մի քանի ամիս/տարի գործում է, սակայն կայքի այցելուները հիմնականում դուք եք և ձեր աշխատակիցները: Եթե համոզված եք, որ ունեք ձեր բիզնեսը լիարժեք ներկայացնող կայք, բայց չունեք կայքի այցելուներ, ուրեմն ժամանակն է մտածել կայքի առաջխաղացման մասին:
Կայքի այցելուների թիվն ավելացնելու համար ձեզ կախարդական փայտիկ պետք չէ, պետք է գործել համակարգված և նպատակասլաց: Չկա մի ճանապարհ կամ ուղի, որտեղից հաճախորդների հոսքն անպակաս է, բայց կան բազմաթիվ ճանապարհներ՝ տարբեր ուղիներից դիտումներ ստանալու համար:
1. Գովազդ սոցիալական ցանցերում
Սոցցանցերում հաջողված ու վաճառքներ ավելացնող գովազդների գրավականը մեծ լսարանն ու գովազդի թիրախավորման լայն հնարավորություններն են: Սոցցանցերի տարածվածությունը, մարդկանց ակտիվ ներգրավվածությունը հաշվի առնելով՝ կարելի է բիզնես կայքերի դիտելիությունն ավելացնել հենց այս մեթոդով: Սոցցանցում գովազդը թիրախային լսարանին ընտրում է ըստ սեռի, տարիքի, հետաքրքրությունների շրջանակի, և պետք է ֆիքսենք՝ ճիշտ թիրախավորված, հետաքրքիր մշակված կոնտենտը կարող է գործողության դրդել:
Մեր երկրում սոցցանցում գովազդի միջոցով կայքեր առաջխաղացնելու տարբերակն ամենակիրառվողներից է, գովազդային քաղաքականություն իրականացնելու ու լսարանին ավելի մոտ լինելու համար հիմնականում օգտագործվում են Facebook-ը և Instagram-ը:
Այս ծառայության
Արդյունք՝ արագ
Առավելություն՝ հեշտ է տարածվում
Դժվարությունը՝ ոչ բոլոր պոտենցիալ գնորդներին է հնարավոր գտնել, հնարավոր չէ ամեն ինչ վաճառել
2. Որոնողական օրգանիկ առաջխաղացում (SEO)
Յուրանքանչյուր կայք ցուցադրվում է Google-ի որոնողական հարցումների դեպքում: Հարցն այն է, թե ձեր կայքը այս կամ այն հարցման դեպքում Google-ի որոնման արդյունքի 1-ին էջում է, թե ոչ: Որոնման արդյունքի առաջին էջում հայտնվելու համար անհրաժեշտ է ունենալ տեխնիկապես գրագետ կառուցված կայք, որոնողական բանալի բառերի հիման վրա կառուցված կայքի էջեր/բաժիններ և իհարկե՝ ձեր անկրկնելի և անընդհատ համալրվող բովանդակությունը (կոնտենտը):
Սրանք օրգանիկ առաջխաղացման համար անհրաժեշտ բոլոր քայլերը չեն, բայց բոլոր քայլերը, մեծ հաշվով, տանում են վերը նշված ուղղություններով:
Արդարության համար պետք է ասենք, որ որոնողական համակարգերը բավականաչափ դանդաղ են արձագանքում կայքերում փոփոխություններին. հենց դրա համար էլ առաջին արդյունքները դուք կնկատեք ամիսներ անց: + եթե դուք դադարում եք համալրել կոնտենտը, ժամանակի հետ կայքը կրկին «հետ կգնա»:
Միայն մի դեպքում ձեր բիզնեսի կայքը կմնա որոնման արդյունքի թոփում. եթե մրցակից կայքերն էլ ոչինչ չանեն, իսկ մենք գիտենք, այդպես չի լինում: Այս ֆոնին ուղղակի ֆիքսենք՝ առաջխաղացումն ու որոնողական համակարգերը դանդաղ են շփվում:
Այս ծառայության
Արդյունքը՝ դանդաղ
Առավելությունը՝ երկարատև էֆեկտ
Դժվարությունը՝ դժվար է աշխատանքի ծավալը ղեկավարելը, պետք է մշտապես համալրել կայքը, արդյունքն էլ ուշ է երևում և կանխատեսելի չէ
3. Որոնողական (կոնտեքստային) գովազդ
Google-ում կոնտեքստային գովազդ իրականացնելու համար մարքեթոլոգները պետք է հավաքեն որոնողական այն բառերի, արտահայտությունների ցանկը, որոնցով փնտրման դեպքում ցանկանում են ցուցադրել իրենց գովազդը՝ հղումով դեպի կայքը:
Բացի այդ, պետք է մշակել գովազդային հայտարարությունը, կատարել թիրախավորում, սկսել գովազդարշավն ու ամենօրյա մոնիտորինգի միջոցով չափագրել ցուցանիշները: Անհրաժեշտության դեպքում պետք է գովազդային հայտարարության մեջ, բանալի բառերում, գովազդի կարգավորումներում կատարել համապատասխան փոփոխություններ:
Այստեղ գովազդի գինը որոշվում է «օնլայն լայվ աճուրդով», այդ պատճառով էլ ձեր գովազդի գինը կարող է աճել՝ մրցակցի գովազդի պատճառով:
Իսկ գովազդային սխալ կարգավորումների պատճառով էլ առաջխաղացման համար նախատեսված բյուջեն կծախսվի անարդյունավետ:
Այս ծառայության՝
Արդյունքը՝ արագ
Առավելությունը՝ արագագործություն
Դժվարությունը՝ գինը փոփոխվում է՝ կախված մրցակիցներից
4. Տեղեկատու կայքեր
Տարիներ առաջ, երբ դեռ չկային որոնողական համակարգերը, կամ դրանք դեռ նոր էին թափ հավաքում, համացանցը լի էր տարաբնույթ կատալոգ կայքերով: Ժամանակի ընթացքում դրանց մեծ մասը վերացավ, արդյունքում մնացին հիմնականում կազմակերպությունների վերաբերյալ ընդհանուր կամ թեմատիկ տեղեկատու կայքերը, օրինակ՝ www.spyur.am: Շատերի համար տեղեկատու կայքերը շարունակում են մնալ գովազդային լավ հարթակներ կամ էլ ընկերությունների մասին ինֆորմացիայի աղբյուր: Տեղեկատու/կատալոգ կայքերը հատկապես պոպուլյար են B2B հարթակներում՝ օգնելով մարքեթոլոգներին թիրախավորել պոտենցիալ հաճախորդներին:
Այս կայքերում առկա են ինչպես որոնողական առաջխաղացման հնարավորություն (օրինակ՝ բանալի բառերով որոնման արդյունքում գովազդել ձեր ընկերությունը/ընկերության կայքը), այնպես էլ առանց կոնկրետ թիրախավորման՝ գովազդային ընդհանուր հնարավորություններ (օրինակ՝ ձեր կայքը գովազդել տեղեկատու-կայքի գլխավոր էջում):
Այս ծառայության
Արդյունքը՝ դանդաղ/արագ
Առավելությունները՝ լավ է աշխատում հարցումներ ունեցող ոլորտներում
Դժվարությունը՝ մեծ մրցակցություն կա լավ արդյունք ապահովող ոլորտներում, հնարավոր չէ կանխատեսել կամ վերահսկել արդյունավետությունը
5. Հայտարարությունների կայք
Կար մի ժամանակ, երբ թերթերը ձեռքից ձեռք էին տանում, որ կարդային վերջին 10-15 օրվա «թարմ նորությունները» կամ եղած լուրերը փակցվում էին քաղաքների կենտրոններում գտնվող հայտարարությունների տախտակի վրա:
Ինտերնետային առաջընթացի օրերում՝ նույն սկզբունքով, բայց նորարարական լուծումներով՝ առաջարկվում է եղած հայտարարությունները, ծառայությունները, առաջարկները տեղադրել մեկ միասնական օնլայն հարթակում: Նման կայքի դասական օրինակ է list.am-ը:
Այս ծառայության
Արդյունքը՝ նկատելի
Առավելությունը՝ հրաշալի աշխատում է բիզնեսի կոնկրետ ոլորտներում
Դժվարությունը՝ մեծ մրցակցության դեպքում ձեր հայտարարությունը «կորչում է»
6. Գովազդ՝ լրատվական կայքերում
Երբեմն նմանատիպ գովազդը միակ տարբերակն է՝ ուրիշի լսարանի միջոցով քո հաճախորդին հասնելու համար: Հաճախ ավելի հեշտ է բաններային գովազդ գնել «ուրիշի տարածքում», քան այդ նույն հարթակում հոդված հրապարակելը: Այս դեպքում գովազդ կարելի է գնել ինչպես որոշակի քանակի ցուցադրությունների դիմաց, այնպես էլ՝ կոնկրետ ժամկետների համար: Լրատվական կայքերում գովազդ տեղադրելիս պետք է հաշվի առնել, որ այստեղ թիրախավորում գրեթե չկա և չեք կարող համոզված լինել, որ կայքի այցելուները հենց ձեր ծառայության կարիքն ունեն` բացառությամբ եթե այն թեմատիկ լրատվական կայք է, օրինակ` սպորտային, իսկ ձեր առաջարկներն էլ հենց ուղղված են այդ ոլորտով հետաքրքրված անձանց:
Այս ծառայության
Արդյունքը՝ արագ
Առավելությունը՝ ուրիշի լսարանի վրա ազդեցություն
Դժվարություն՝ անկանխատեսելի արդյունք
7. Էլ.փոստ մարքեթինգ (Մեյլինգ)
Մեյլինգը կայքի այցելություններն ավելացնելու տարբերակ է: Բայց այն ոչ միշտ ու ոչ էլ առանձնապես ճիշտ ու արդյունավետ է կիրառվում Հայաստանում: Օգտատերերի էլեկտրոնային հասցեներով բազաները հնարավոր է՝ «չեն պատկանում» ձեր բիզնեսին և այդ մարդիկ պոտենցիալ հաճախորդներ չեն: Մեյլերի՝ մարքեթինգային նպատակով օգտագործվող բազան, սովորաբար, մեծ արդյունքերի չի բերում հենց այս պատճառով: Իսկ ահա սեփական բազա ստեղծելը դժվար է, դրա համար նույնիսկ կարող է մի քանի ամիս պետք գալ:
Մեյլինգները կարող են լինել ինֆորմատիվ, վաճառքներին նպաստող, հետադարձ կապ ապահովող և այլն:
Իհարկե, մեյլինգի համար անհրաժեշտ է հավաքել էլեկտրոնային հասցեների (մեյլերի) սեփական բազա, չնայած դրան պետք է հիշել, որ նույնիսկ ձեր հավատարիմ հաճախորդները երբեմն կարող են հոգնել կամ կորցնել հետաքրքրությունը ձեր ընկերության/առաջարկների հանդեպ: Դրա համար էլ անհրաժեշտ է, որ նոր բաժանորդները ավելի արագ գան, քան գնում են հները: Էլ.փոստ մարքեթինգի իրականացման գրագետ տարբերակ է կիրառում, օրինակ՝ menu.am-ը:
Այս ծառայության
Արդյունքը՝ ճիշտ թիրախավորման դեպքում՝ նկատելի
Առավելությունները՝ ունեցած բազայով կարելի է մարքեթինգային տարբեր արշավներ իրականացնել և հասնել թիրախային լսարանին
Դժվարությունը՝ երկար ժամանակ է պահանջվում բազա հավաքելու համար, անհրաժեշտ է այն անընդհատ համալրել, ինչպես նաև պետք է մշտապես ստեղծել հետաքրքրիր կոնտենտ:
Հնարավոր չէ միանգամից պնդել, թե նշված աղբյուրներից կամ տարբերակներից որն է առավել արդյունավետ ձեր բիզնեսի կայքում այցելությունների թիվը մեծացնելու համար: Մենք չենք պնդի նաև, որ այս ցանկում ներկայացված են հնարավոր բոլոր տարբերակները:
Բայց վստահ ենք, որ ամեն դեպքում կայքի այցելությունների ավելացումը ինքնանպատակ չէ. խնդիրը ձեր ներկա և պոտենցիալ հաճախորդների/գնորդների միջոցով այցելությունների ավելացումն է, այն այցելությունների, որոնք հանգեցնելու են կայքում անհրաժեշտ գործողության կատարմանը՝ հարցում, զանգ, գնում և այլն:
Անհրաժեշտ է փորձել հասկանալ, թե որ կայքերում/ցանցերում կամ այդ կայքերի որ էջերում են լինում ձեր բիզնեսի հաճախորդները, որպեսզի կարողանաք հենց այնտեղից ապահովել հաճախորդների անցումը դեպի ձեր կայք: